Նախիջևանից բռնագաղթած հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ արձագանքելով ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող կեղծ թեզին, թե Նախիջևանը իբր շրջափակված է Հայաստանի կողմից։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ․
«Նախիջևանի՝ Հայաստանի Հանրապետության կողմից շրջափակված լինելու մասին ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող շինծու թեզը նպատակ ունի թաքցնել այն փաստը, որ Ադրբեջանն ինքն է 90-ականների սկզբից շրջափակել Հայաստանը և որի միտումնավոր լինելու մասին բազում անգամներ հայտարարել է հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Շրջափակման քաղաքականությունը վերջին 30 տարիներին եղել է հենց Ադրբեջանի առաջնահերթությունը: Այդ նպատակով Ադրբեջանը ոչ միայն արգելափակել է Խորհրդային տարիներին գործող Հայաստան-Ադրբեջան երկաթուղային կապը, որը ներառում էր Իջևան-Ղազախ, Մեղրի-Հորադիզ, Մեղրի-Օրդուբադ, Երասխ-Սադարակ ուղղությունները, Հայաստան-Ադրբեջան կապող ավտոմոբիլային բոլոր մայրուղիները, այլև հետևողականորեն Հայաստանին դուրս է մղել տարածաշրջանային նշանակություն ունեցող տնտեսական նախագծերից: Ադրբեջանը նաև 90-ականներին փակել է Ադրբեջանից Հայաստան եկող գազամուղը՝ դրանով էներգետիկ ճգնաժամ ստեղծելով Հայաստանի համար:
Նախիջևանը չի կարող շրջափակված լինել Հայաստանի կողմից պարզ պատճառով, որ չի հանդիսանում անկլավ մեկ պետության սահմանների ներսում, այլ Ադրբեջանի և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու հնարավորություն ունի ցամաքային կապով Իրանի և Թուրքիայի միջոցով: Բացի ցամաքային կապից, Նախիջևանի և Ադրբեջանի միջև գործում է անխափան օդային կապ, առնվազն վերջին երեք տարիներին նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածքով: Նախիջևանի և Ադրբեջանական Հանրապետության մնացած մասի կապի ընդհատումը Հայաստանի Հանրապետության տարածքով պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունը շրջափակելու ադրբեջանական քաղաքականությամբ: Այն, որ ոչ թե Հայաստանն է շրջափակել հաղորդակցության ուղիները, այլ Ադրբեջանը, ապացուցվում է այն փաստով, որ միայն 2023թ.-ի հունվարից մինչ օրս Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղություններով կատարվել է 1407 տարանցիկ թռիչք՝ ՀՀ օդային տարածքով:
Կարդացեք նաև
Հայկական կողմը մեծ կարևորություն է տվել և բազմիցս պատրաստակամություն հայտնել տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցում: Ավելին՝ 2022թ.-ի օգոստոսի 18-ից շրջանառման մեջ է դրված «ՀՀ Կառավարության 2011թ. մայիսի 12-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին երեք անցակետ տեղադրելու և տարածաշրջանային կոմունիկացիաները ապաշրջափակելու վերաբերյալ, որին Ադրբեջանը մինչև օրս ընդդիմանում է՝ չհամաձայնելով համապատասխան անցակետեր բացել իր տարածքում: Ադրբեջանի կառավարության համաձայնության դեպքում Նախիջևանն Ադրբեջանի հետ ավտոմոբիլային կապ կունենար նաև Հայաստանի Հանրապետության տարածքով:
2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպմանը ձեռք է բերվել պայմանավորվածություն երկաթուղային ենթակառուցվածքների ապաշրջափակման, երկաթգծի վերականգնման վերաբերյալ: Ադրբեջանը հետագայում հրաժարվել է պայմանավորվածությունից:
Նաև փաստենք` փակ սահմանների և Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության պատճառով նախիջևանահայերը զրկված են իրենց հայրենի բնակավայրեր վերադառնալու իրավունքից»: