Բաքվում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պատրիսիա Սերանո Սանչեսին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ` X (նախկին Twitter) սոցցանցում «Ադրբեջանի տարածքում անօրինական ռեժիմին» սատարող գրառումից հետո:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպմանն ընդգծել են, որ Իսպանիայի ԱԳՆ հրապարակումը X-ում քարոզում է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում Հայաստանի կողմից ստեղծված անօրինական անջատողական ռեժիմը», ինչը «անընդունելի է»: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, նաև «տարակուսանք է առաջացնում», որ նման հրապարակում կատարվել է մի երկրի կողմից, որը «պայքարում է իր տարածքում անջատողականության դեմ»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ նման «ոչ կառուցողական մոտեցումը չի համապատասխանում ադրբեջանա-իսպանական հարաբերությունների ոգուն և վճռականորեն դատապարտվում է Ադրբեջանի կողմից»:
Ըստ «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության՝ Սանչեսն իր հերթին ասել է, որ Իսպանիան հետևողականորեն սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և այդ դիրքորոշումն անփոփոխ է: Նրա խոսքով՝ այդ հրապարակումը «տեխնիկական սխալ» է եղել և հեռացվել է անմիջապես այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմն իր անհանգստությունն է հայտնել»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ