Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է հստակ ընդգծել, որ Ադրբեջանը թքած ունի միջազգային խաղի կանոնների վրա, որ պատրասվում է էթնիկ զտման ենթարկել Արցախահայությանը, միաժամանակ՝ գոյաբանական սպառնալիք հանդիսանալով Հայաստանի համար. Նորայր Նորիկյան

Օգոստոս 15,2023 21:44

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օգոստոսի 11-ին պաշտոնական Երևանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:

Ներկայացված դիմումով ընդգծվել է, որ ․․․Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։

Միաժամանակ ընդգծվել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում,  և ուղղակիորեն խախտում են ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, որոնց համաձայն Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար»։

Բնակչության համար կյանքի հետ անհամատեղելի պայմանների կանխամտածված ստեղծումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային ոճրագործություն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ, և ստիպելու նրանց լքել իրենց տներն ու հայրենիքը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ նման կոլեկտիվ պատժի կիրառումը գոյաբանական վտանգ է ներկայացնում վերջիններիս համար, եթե նրանք միայնակ մնան ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության դեմ։

Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու առաջնային մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային ոճրագործությունները, ներառյալ` պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը:

Դեռևս ս․թ․ մարտի 5-ին և հունիսի 22-ին անդրադարձել եմ վերը նշված խնդրին՝ ընդգծելով, որ պետք է չափից դուրս լուրջ մոտենալ այս հարցին և օգտագործել միջազգային լեգիտիմ հնարավորությունը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի մակարդակով հասնելու հնարավորին։

Պետք է հուսալ, որ նիստից առաջ կազմակերպվել ու անցկացվել են բարձր մակարդակով բանակցություններ ու խորհրդակցություններ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող երկրների հետ՝ հնարավորինս նպաստավոր բանաձև ընդունելու համար։

Շատ պարզ ուղերձ պետք է հասանելի դարձվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որ Ադրբեջանը թքած ունի միջազգային խաղի կանոնների վրա, ոչ միայն չի կատարում ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային դատարանի վճիռը, ինչպես նաև պատրասվում է էթնիկ զտման ենթարկել Արցախահայությանը, միաժամանակ՝ գոյաբանական սպառնալիք հանդիսանալով Հայաստանի համար»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031