Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ քննարկելու Բերձորի միջանցքի եւ Արցախի շրջափակման հարցը եւ ճիշտ է արել, ժամանակը հասունացել էր, որ այդ հարցը գնար ՄԱԿ-ի ԱԽ, բայց այստեղ մի «բայց» կա: Այսօր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Ըստ նրա, Նյու Յորքում ՀՀ պատվիրակությունը պետք է կարողանա հսկողության տակ պահել ամբողջ գործընթացը. «Հանկարծ դա Հայաստանի ձեռքերից դուրս չգա եւ այն դրական ակնկալիքը, որն այսօր ստեղծվել է մեր մոտ՝ դրական մի բան ստանալու Անվտանգության խորհրդից, հանկարծ հերթական մղձավանջի չվերածվի»:
Օսկանյանը հույս ունի, որ մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ տանելը, ՀՀ իշխանությունները բավարար աշխատանք են տարել Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների հետ, որ արդյունքում մի բանաձեւ պատրաստվի, որը կստիպի Ադրբեջանին բացել ճանապարհը: Հակառակ դեպքում, եթե այդ աշխատանքը չի տարվել, Օսկանյանը վտանգ է տեսնում. «Կարծում եմ, հայկական կողմը այս հարցի պատասխանը պետք է ունենա՝ բավականին հիմնավոր եւ վերջնական պատասխան՝ հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները վարչապետ, ԱԳ նախարարի մակարդակով ճանաչել են, ընդունել են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, ապա ի՞նչ խնդիր կա, որ Հայաստանը ընդունի, համոզի, պարտադրի նաեւ ԼՂ-ի բնակչությանը, որ հումանիտար օգնությունը ընդունեն Աղդամի ճանապարհով: Ի՞նչ խնդիր կա, եթե Արցախը համարվում է Ադրբեջանի մաս եւ Ադրբեջանը պատրաստ է այդ ճանապարհը տրամադրելու, որպեսզի հումանիտար օգնությունը մտնի Արցախ: Այդ հարցի պատասխանը հայկական կողմը պետք է ունենա: Հիմնավոր պետք է ունենա: Իհարկե, այդ հարցի հիմնավոր պատասխանը կա: Այդ պատասխանը ես ունեմ, վստահ եմ՝ շատ մարդիկ ունեն, համոզված եմ, որ նաեւ ԱԳ նախարարությունն ունի: Բայց եթե նրանք չունեն, կամ կասկածում են իրենց պատասխանի մեջ, կամ մտածում են, որ կա մի այլ պատասխան, որը գուցե ավելի հիմնավոր է, քան իրենց պատասխանը, խնդրեմ, թող զանգեն, ես պատրաստ եմ խորհրդակցել եւ տալ իմ կարծիքը:
Հիմնական վտանգը ես սրա մեջ եմ տեսնում, ես տեսնում եմ մի այլ զարգացման մեջ: Հավատացեք, Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Արցախը՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու, ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը կամ միջանցքը: Սրանում չկասկածե՛ք, Ադրբեջանը կմտնի նման առեւտրի մեջ: ԱՄՆ-ն, մյուս միջնորդները սրա հետ խնդիր չեն ունենա: Հայաստանի վրա ճնշում կլինի, որ նման բանակցություններին իր համաձայնությունը տա: Հավատացեք, սա կլինի մեզ համար մեծ հարված, սա ուղղակի վերջ կդնի Արցախի ժողովրդի ինքնորոշման որեւէ ձգտմանը, որովհետեւ Անվտանգության խորհրդի կողմից նման ամրագրումը կունենա միջազգային օրենքի ուժ եւ կծածկի բոլոր այլ տեսակի հիմնավորումները, նորմերը, որոնք կարող են բերվել: Հանկարծ Հայաստանի իշխանությունների մտքով նույնիսկ չանցնի, որ նրանք կարող են մտնել նման առեւտրի մեջ: Կարող են հղում անել Պրահայի հայտարարություններին, որ վկայակոչելով այդ հայտարարությունները՝ մենք ամրագրում ենք, որ Արցախը Ադրբեջանի մաս է եւ հորդորում ենք Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը եւ այլն: Ես ուղղակի տեսնում եմ այդ բանաձեւի բովանդակությունը: Այդտեղ մեզ համար իսկապես շատ մեծ վտանգ կա»:
Կարդացեք նաև
Օսկանյանը զգուշացրեց, որ եթե ՀՀ իշխանությունները թույլ տան սխալ, դրա տակից այլեւս մենք ազգովի չենք կարող դուրս գալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ