Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատազեն» ՌՀԿ փաստաբան․ «Պատասխանող կողմի ներկայացուցչի այլ դիրքորոշում չունենալը հիմնավորում է այն հանգամանքը, որ փաստացի ոստիկանությունը չունի ասելիք»

Օգոստոս 15,2023 19:15

ՀՀ վարչական դատարանի Երեւանի նստավայրում կայացավ «Ազատազեն» ՌՀԿ-ի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության դեմ ուղղված դատական նիստը։ Հայցադիմումը ներկայացվել է ոստիկանության անօրինական, հայեցողական լիազորությունների ոչ ճիշտ կիրառման, ձեւական պահանջների չարաշահման, կամայական վերաբերմունքի դրսեւորման եւ ոչ պրոֆեսիոնալ վարչարարության հետեւանքով «Ազատազեն» ՌՀԿ-ին «Բաց հրաձգարանի» լիցենզիայի տրամադրումը մերժելու փաստի հիմքով։

Հայցվոր կողմի փաստաբան Տարոն Բաղդասարյանի մեկնաբանությամբ արդյունավետ դատական նիստ անցկացվեց։ «Դատավոր Լուսինե Բոյաջյանը նախնական դատական նիստից հետո գործը համարեց նախապատրաստված եւ անցում կատարեց դատաքննությանը։ Այնուամենայնիվ պիտի փաստեմ, որ պատասխանող կողմի ներկայացուցչի, մասնավորապես, այլ դիրքորոշում չունենալը՝ բացառապես միայն նշելը, որ իրավական ակտ չկա, դա եւս հիմնավորում է այն հանգամանքը, որ փաստացի ոստիկանությունը չուներ այլ ասելիք։

Մեր ամբողջ հայցի հիմքն այն է, որ չի կարող պետությունը, վարչական մարմինը մեր վրա դնել պարտականություն, եթե ինքը իր պարտականությունները չի կատարել։ Մեր մեղավորությունը չէ, որ 2022 թվականի հոկտեմբերից, երբ օրենքն ընդունվել է եւ ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսին, մինչ օրս ոստիկանությունը մատը մատին չի տվել։ Նախագիծ նույնիսկ չկա, որպեսզի հասկանանք, որ ոստիկանությունը ինչ-որ գործողություն է կատարում այդ հարցին լուծում տալու համար։ Այսինքն, ոստիկանությունը դրսեւորում է անգործություն եւ պարզապես մերժում է քաղաքացուն, իրավաբանական անձին լիցենզիա տրամադրել եւ դատարանների միջոցով փորձում է հարցի լուծումը ձգձգել, մինչեւ այդ կարգը կունենա կամ չի ունենա»,-Aravot.am-ին ասաց փաստաբանը։

Իսկ «Ազատազեն» ռազմակրթական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը հավելեց․ «Մեր կազմակերպությունը հիմնադրել ենք 2021 թվականին՝ նպատակ ունենալով Հայաստանում տարածել զենքի մշակույթը, նպաստել օրինական ճանապարհով հայ ժողովրդի զենքին տիրապետելու արվեստին։ Արդեն երկու տարի մենք նպաստում ենք մարզերում հրաձգարանների գործունեություն ծավալելուն թե ուղղակի որպես «Ազատազենի» հրաձգարաններ, թե որպես առանձին հրաձգարաններ, որ ինքնուրույն կայանան։ Ու այդ գործունեության ընթացքում պարբերաբար բախվում ենք խոչընդոտների, որոնցից մեկն էլ այս լիցենզավորման գործընթացն է, որը սահմանվել է նոր օրենքով։ Հրաձգարանը, որի լիցենզիան ՆԳՆ ոստիկանությունը չի տրամադրում, Երեւանին մոտ է, գտնվում է Կոտայքի մարզում եւ Հայաստանում ամենամեծ քաղաքացիական հրաձգարանն է»։

Նաղաշ Բաղդասարյանը նաեւ շատ կարեւորեց, որ իրենց ՀԿ-ի հիմնադիրների մեծամասնությունը 44-օրյա պատերազմին եւ դրան հաջորդած մարտական գործողություններին մասնակցած մարտական ընկերներ են։ «Հետագայում մեզ միացել են նաեւ արհեստավարժ հրահանգիչներ, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ։ Նրանք ունեն միջազգային որակավորում, ինչը մեր ոստիկանությունը հիմք չի համարում լիցենզավորման համար։ Եվ դա այն պայմաններում, որ մեր հրահանգիչներից ոմանք մարզում են պետական որոշ կառույցների որոշ աշխատակիցների»,-ասաց նա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031