Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանը բացի փողից, ուրիշ գաղափար, ուրիշ հասկացողություն չունի». Ալբերտ Բազեյան

Օգոստոս 15,2023 19:40

«Արցախն ադրբեջանցիների հետ բանակցելու որեւէ բան չունի, ադրբեջանցիներին արցախցիները պետք չեն, պետք է Արցախի տարածքը: Եթե Արցախը մեզ համար հայրենիք է, ադրբեջանցիների համար ընդամենն աշխարհագրական տարածք է դա. քոչվոր ցեղեր են՝ եկել են այդտեղ բնակվել են, բռնազավթել են ուրիշ ժողովուրդների տարածքները՝ իրենց ոչխարների համար արոտավայրեր գտնելու համար»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր կարծիք հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ԵԿՄ նախկին անդամ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանն՝ անդրադառնալով իշխանությունների կողմից խրախուսվող այն թեզին, թե արցախցիները պետք է ուղիղ բանակցեն Ադրբեջանի հետ: Ալբերտ Բազեյանը վստահ է՝ այժմ էլ ադրբեջանցիների միակ եւ հիմնական նպատակն Արցախը հայաթափելն է եւ այդ տարածքն իր կազմի մեջ մտցնելը, ինչպես 100 տարի առաջ վարվեցին Նախիջեւանի հետ: Իր գնահատմամբ, Ադրբեջանն այժմ փորձում է խեղդամահ անել արցախցիներին, որ Բերձորի միջանցքը բացվելուն պես նրանք լքեն իրենց բնակավայրերը:

Թե ի՞նչ պետք է անեն Արցախն ու Հայաստանն այժմ, Ալբերտ Բազեյանն ասում է՝ պետք է դիմանան, ինչպես միշտ են դիմացել. «Ես անընդհատ կապի մեջ եմ արցախցիների հետ, նրանց ոգեշնչում ենք, որ դիմանան, որ այսպես չի մնալու: Մենք մի խոշոր միավորում ենք կազմավորել, որի օրինակով նպաստելու ենք նաեւ առողջ քաղաքական ուժերի համախմբմանը, ձեւավորելու ենք Համահայկական միացյալ դաշինք: Կամավորականների, աշխարհազորայինների եւ պահեստազորայինների դաշինքը համագործակցելու է Համահայկական միացյալ դաշինքի հետ, ոտքի է հանելու մեր ժողովրդին եւ Նիկոլ Փաշինյանին պարտադրելու է հրաժարական, ԱԺ-ի լուծարում: Ձեւավորվելու է ժամանակավոր կառավարություն՝ կարճաժամկետ գործունեությամբ, որը կնախապատրաստի ազատ, արդար խորհրդարանական ընտրություններ: Այնուհետեւ, նորընտիր ԱԺ-ն կընտրի վարչապետ»:

ՀՀ հաջորդ վարչապետի աթոռին ազատամարտիկը չի տեսնում ոչ ՀՀ երեք նախագահներից եւ որեւէ մեկին. «Հայ ժողովրդի մեջ կգտնվեն 100-ից ավելի մարդիկ, որոնք ավելի լավ կղեկավարեն մեր երկիրը, կլինեն ավելի կրթված ու հայրենասեր, ավելի բարոյական, քանի Փաշինյանն է»:

Արցախի գործող իշխանությանը Ալբերտ Բազեյանն ասելիք չունի, քանի որ նրանք Նիկոլ Փաշինյանի հետ նույն խնդիրն են լուծում: Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրման ջատագովներից մեկին էլ Ալբերտ Բազեյանը համարում է իր նախկին զինակից Սամվել Բաբայանին, ով Ակնայով Ադրբեջանի հետ առեւտուր անելու տարբերակին այլընտրանք չի տեսնում. «Ես կապեր ունեմ Արցախի մեր հայրենակիցների հետ. մեծ մասը չի էլ ընդունում Սամվել Բաբայանի տեսակետները եւ չի լսելու նրան: Սամվել Բաբայանը բացի փողից, ուրիշ գաղափար, ուրիշ հասկացողություն չունի: Նա հայտարարում է՝ եկեք ադրբեջանցիների հետ հաշտվենք, գործարանները աշխատեցնեն, հանքերն աշխատեցնեն, մենք էլ փող աշխատենք ու ապրենք, ինչպես առաջ էինք ապրում: Եթե առաջ լավ էին ապրում, ինչո՞ւ սկսվեց 1988 թվականի շարժումը, եթե արցախցիք խնդիրներ չունեին, ինչո՞ւ սկսվեց Արցախի ազատագրական շարժումը: Սկսվեց, որովհետեւ ադրբեջանցիները ճնշումներ էին գործադրում արցախցիների վրա ու աստիճանաբար հայաթափվում էր Արցախը»:

Բերձորի միջանցքը բացելու երկու տարբերակ է տեսնում Ալբերտ Բազեյանը. կամ՝ միջազգային հանրության ճնշման եւ միջամտության ներքո, որը դեռ չի հաջողվում, կամ՝ Հայաստանում իշխանափոխության: Եթե Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին, գլխավոր բանակցող եւ պատերազմական իրավիճակում գերագույն գլխավոր հրամանատար, բանախոսը որեւէ հնարավորություն չի տեսնում իրավիճակը հայկական շահերի օգտին շրջելու:

Հայկական պետությունների անվտանգության գլխավոր երաշխավորը նա համարում է բանակը, ինչ-որ չափով նաեւ ԱԱԾ-ն, բայց, նաեւ ասում է, որ այսօր զինվորականներից ինքը սպասելիքներ չունի, քանի որ նրանք գործելու են ըստ հրամանի: Այդիսկ պատճառով, իրենց կողմից հիմնադրվող կազմակերպությունը նախ լուծելու է Հայաստանում իշխանափոխության հարցը, ապա միավորելու են ուժերը, հզորացնելու են բանակը եւ ազատագրելու են Հայաստանի ու Արցախի բռնազավթված տարածքները:

Այժմ, ըստ Ալբերտ Բազեյանի, իշխանությունը, բացի նոր պատերազմով վախեցնելուց, օրակարգ է բերում Երեւանի ավագանու ընտրությունները, որտեղ ինքը կասկած չունի, որ կեղծիքներով Տիգրան Ավինյանին դարձնելու են քաղաքապետ: Վկայակոչելով Անիի եւ Սիսիանի ընտրությունները, Ալբերտ Բազեյանը վստահեցնում է՝ իշխանությունը ոչնչի առջեւ կանգ չի առնելու: Մոտեցումը, որ Երեւանում իշխանությունը վերցնելով ընդդիմությունը կկարողանա հանրապետությունում իշխանություն վերցնել, իր համար ընդունելի է, բայց այն, որ այդ ընտրություններին 14 ուժ է մասնակցում, նա գրեթե վստահ է՝ իշխանությունը հաջողելու է: Ուստի, բոլորին կոչ է անում միատեղել եւ կենտրոնացնել ուժերը՝ իշխանափոխության հասնելու համար: Իր գնահատմամբ, 2020 թվականից մենք գտնվում ենք անկումային վիճակում, քանի որ պարտվել ենք պարտադրված պատերազմում, բայց վստահ է, որ վերելքի ժամանակաշրջանը գալու է եւ այն հեռու չէ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031