Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու որոշումը լրացուցիչ ֆինանսական պարտավորություն է առաջացնում. Կառուցապատողների ասոցիացիա

Օգոստոս 15,2023 18:50

Բազմաբնակարան շենքերի կառուցապատման համար վճարի վերաբերյալ, Երևանի ավագանու վերջերս կայացրած որոշումը, որևէ կերպ հիմնավորված չէ և կառուցապատողի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություն է առաջացնում: Այս մասին, այսօր հայտարարեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը՝ «Կառուցապատողների համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ նախատեսող Երևան քաղաքի ավագանու 27.06.2023 թ. որոշման ազդեցության գնահատումը» թեմայով հանրային քննարկմանը:

Հիշեցնենք, որ ավագանու այս որոշմամբ կառուցապատողների համար չնախատեսված լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ են սահմանվում, այդ թվում՝ APZ-ի՝ նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճարի և այլ վճարների գծով:

Գրիգորյանի համար անհասկանալի է, թե ինչու է նման գումար գանձվում։ Նախ՝ APZ-ի՝ կազմելը չի ​​կարող այդքան արժենալ, և երկրորդ՝ դրա արժեքը չի կարող պայմանավորված լինել այն հանգամանքից, թե այդ նախագիծը կազմվում է քաղաքի կենտրոնի, թե ծայրամասի համար։

Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանի ներկայացմամբ, ավագանու այս որոշմամբ, քաղաքային իշխանությունները գործուն մեխանիզմներ են առաջարկում ավելի լավ, հարմարավետ Երևան ունենալու համար: Որպես, ասվածի շոշափելի օրինակ նա մատնանշեց, այսպես ասած «Մալիբուի» այգին, որտեղ ձևավորված լավ միջավայրը շատ ավելի գրավիչ է թե՛ քաղաքացիների, թե՛ կառուցապատողների համար:

«Մենք ավագանու այդ որոշմամբ, սահմանել ենք վճար, որը Երևան քաղաքին հնարավորություն կտա առավել լայն մասշտաբով տալ կառուցապատման թույլտվություններ և հնարավորություն կտա լուծել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվությունների տրամադրմանը: Մենք այս միջոցները ուղղելու ենք ենթակառուցվածքների զարգացմանը, բակերի,մանկապարտեզների, կանաչ տարածքների ընդլայնմանը: Եվ այստեղ քաղաքը ակնկալում է կառուցապատողների ներգրավվածությունը,-ասաց նա:

Փաստաբան Էմի Ամիրխանյանը նկատեց, որ որոշման անվանումից դատելով վճարը պետք է գանձվի ճարտարապետահատակագծային առաջադրանքի կազմման համար, այնինչ ստացվում է, որ այն գանձվում է կապիտալ շինարարության համար:

«Որևէ մեկը դեմ չէ, որպեսզի Երևանում մանկապարտեզներ, դպրոցներ այգիներ կառուցվեն, մտցրեք մի հարկատեսակ, ասենք՝ Երևանի բարեկարգման հարկատեսակ, մենք էլ կիմանանք, թե այդ հարկատեսակի մեջ ինչ է ներառված և հետևողական կլինենք մեր քաղաքացիական ակտիվությամբ: Այդ վճարը մեկ շենքի համար կարող է 120-130 մլն դրամ կազմել, եթե մարդը 120-130 մլն. դրամ վճարում է մի կառուցապատման համար, ուրեմն, անպայման հետևողական կլինի, որ իր բնագավառում այդ գումարները տեղին օգտագործվեն: Այս առումով, թերացում կա, ոչ մեկ դեմ չէ, որ մանկապարտեզ կառուցվի, ընդհակառակը մենք շատ ենք ուզում վստահ լինել դրանում: Այս առումով մի դիտարկում, շահութաբերության մասով, մենք գիտենք, որ պահանջարկը մեծ է և այն կախված է եկամտահարկի ժամկետի սահմանափակումից, 2025թ. հունվարի 1-ից հետո կտեսնենք, արդյո՞ք կառուցապատումն այդքան շահութաբեր է, որքան դուք պատկերացնում եք»,- նշեց «Միկշին» ընկերության ղեկավար Տիգրան Հարությունյանը:

Իր գործընկեր-կառուցապատողների նման, Հարությունյանն էլ այն կարծիքին է, թե ավագանու այս որոշմամբ հստակ չի սահմանվում, թե գանձվող գումարները, որոնք մտնելու են քաղաքային իշխանության բյուջե, ինչ նպատակի համար են ծախսվելու, մինչդեռ իրենք պատրաստակամ լինելով վճարել՝ ցանկանում են կոնկրետ արդյունք տեսնել: «Ուրեմն եկեք, հարկատեսակի անվանումը հստակ սահմանենք,, ասենք բարելավման հարկ, օրինակ, նման հարկ կա Ամերիկայում, բոլորիս հայտնի Գլենդելում գործում է այգիների հարկ, մարդիկ հստակ հասկանում են, թե կոնկրետ ինչի համար են վճարում: Մեր նպատակն այն է, որպեսզի այդ գումարները չփոշիանան և մեզ համար տեսանելի լինեն, օրինակ ես շատ եմ ուզում, որ այդ վճարը վճարեմ ու իմ կառուցած շենքի կողքը այգի լինի»,- եզրափակեց Հարությունյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031