Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե «Խաչակիրները» ցանկանում էին զենքով գնալ եւ ուժով բացել Բերձորի միջանցքը, դա սուսուփուս էին անում». Ալբերտ Բազեյան

Օգոստոս 15,2023 18:20

«Առաջին՝ զենքը ոչ թե կառավարությունից պետք է պահանջեին, այլ պետք է համագործակցեին բանակի հետ, բայց բանակը, եթե չունի հրաման՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, գործողություն չի իրականացնի: Երկրորդ՝ եթե «Խաչակիրները» ցանկանում էին զենքով գնալ եւ ուժով բացել Բերձորի միջանցքը, այդ դեպքում հրապարակային չէին անում դա, լրագրողներին հրավիրում՝ տեսեք ժողովուրդ, մենք գնում ենք, զենք ենք պահանջում, զենքով գնանք բացենք Բերձորի միջանցքը, այլ լեզու էին գտնում ՊՆ-ի հետ, իրականում՝ սուսուփուս, առանց նկարվելու, կազմակերպում էին հզոր մի զորագունդ եւ գնում էին զենքով բացելու Բերձորի միջանցքը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ԵԿՄ նախկին անդամ, ազատամարտիկ, Համահայկական միացյալ դաշինքի նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բազեյանն՝ անդրադառնալով «Խաչակիրներ» կոչվող ջոկատի՝ նախորդ շաբաթ արած հայտարարություններին:

Ալբերտ Բազեյանը դժվարանում է գնահատել «Խաչակիրների» գործողությունները, ասում ՝ գուցե ինչ-որ տեղ «ավանտյուրա էր» կամ մարդիկ խաբեության զոհ էին դարձել, բայց ափսոսում է, որ ազատամարտիկները հեղինակազրկվեցին՝ սխալ հաշվարկի ու քայլի պատճառով. «Գնացին՝ հասան Կոռնիձոր. ի՞նչ տեղի ունեցավ, ինչպես գնացին, այնպես էլ ետ եկան: Երկրորդ՝ կարմիր բերետավորները զինվորական հագուստ հագած ազատամարտիկներին՝ ոտք ու ձեռք էին անում, գցում էին մեքենան, բերման էին ենթարկում, որը վիրավորական է մեր ազատամարտիկ ընկերների համար»:

Ալբերտ Բազեյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք այժմ զբաղված են կամավորականների, պահեստազորայինների եւ աշխարհազորայինների միավորմամբ, համաժողովից հետո լծվել են կազմակերպության մասնաճյուղեր բացելու գործին. Երեւանում երկու մասնաճյուղ արդեն հիմնադրվել է, մայրաքաղաքի բոլոր համայնքներում մասնաճյուղեր բացելուց հետո, անցնելու են Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում կազմակերպչական եւ մասնաճյուղերի հիմնադրման աշխատանքներին: Կազմակերպությունը քաղաքական եւ հասարակական ակցիաներին կմասնակցի միայն այն ժամանակ, երբ լիարժեք ձեւավորվի ու հզորանա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031