Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառային զորակոչի ժամանակ արձանագրված խնդիրները․ ՀՔԱՎ տեղեկանք

Օգոստոս 15,2023 17:58

2023 թվականի ապրիլի 13-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը հայտարարվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, շարունակելով իր գործունեությունը զորակոչիկների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, դիտարկել է 2023 թ. ամառային զորակոչի իրականացման ընթացքը և արձանագրել է խնդիրներ, որոնք ներկայացրել են Կազմակերպություն դիմած զորակոչիկները, ինչպես նաև զինվորական հաշվառման ենթակա անձինք՝ 2023 թ․ փետրվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ժամանակահատվածում։ Ամառային զորակոչի ժամանակ արձանագրված բոլոր խնդիրները կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ, ստորև ներկայացնում ենք տեղեկանքից որոշ հատվածներ։

2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻՄԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Կազմակերպությանը դիմած 66 զորակոչիկներից

🔘  2-ը  ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար,

🔘  2-ը ճանաչվել են ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար,

🔘  5-ին տրամադրվել է տարկետում զինվորական ծառայությունից մինչև 1 տարի ժամկետով (5 ամիս, 6 ամիս կամ 10 ամիս), 

🔘2-ի վերաբերյալ կայացված կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) եզրակացության բողոքարկման արդյունքում որոշում է կայացվել վերջիններիս ներկայացնել հաջորդ՝ 2023 թ. ձմեռային զորակոչին,

🔘  1-ի  անձնագրում երկարաձգվել է արտերկրում գտնվելու թույլտվության ժամկետը՝ ոչ ֆորմալ կրթությունն ավարտելու նպատակով,

🔘   11-ը՝ չհամաձայնելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ, բողոքարկել է զինվորական ծառայությանը պիտանիության մասին ԿԲՀ եզրակացությունը։

2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում Կազմակերպությանը դիմած զորակոչիկների թիվն ավելացել է ավելի քան կրկնակի անգամ, զինվորական հաշվառման ենթակա անձանց թիվը կրկնապատկվել է, իսկ  պահեստազորում հաշվառված քաղաքացիների թիվն ավելացել է ավելի քան 6 անգամ։

Համեմատության համար նշենք նաև, որ 2021 թ․ ձմեռային,  2022 թ․ ամառային և 2022 թ. ձմեռային զորակոչերի ընթացքում Կազմակերպությանը դիմած զորակոչիկների թիվը միասին կազմել է 70 անձ (համապատասխանաբար 14, 31 և 25 զորակոչիկ), իսկ միայն 2023 թ. ամառային զորակոչին դիմել է 66 զորակոչիկ։ Պատճառները կարող եք գտնել Կազմակերպության կողմից կազմված ՏԵՂԵԿԱՆՔ-ում։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031