Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մասնավոր հարցեր է լուծել, օգուտ ստացել․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Օգոստոս 15,2023 17:33
qreakan

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիր գյուղի 38-ամյա բնակիչ Ա.Ք.-ն, համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ և օգտագործելով այդ կարգավիճակը, անօրինական օգուտ ստանալու նպատակով, ստանձնել է մասնավոր հարցերին առնչվող հարցերի, այն է՝ իրեն դիմած անձանց (2 դրվագով) 10 000 և 45.000 ԱՄՆ դոլարի չափով գումարային պարտքերը վերադարձնելու վեճի (խնդրի) լուծումը՝ դրա դիմաց ստանալով մի դեպքում 100․000, մյուս դեպքում՝ 350․000 դրամ գումար:

Բացի այդ, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ա.Ք.-ն, կոնյակի գործարանի մասնաճյուղի վերամշակված որոշակի քանակով խաղողի մնացորդին ապօրինի տիրանալու նպատակով, իր մտերիմ անձին հրահանգել է գաղտնի ճշտել ու իրեն տեղեկատվություն տրամադրել՝ վերամշակված խաղողի մնացորդը գործարանի մասնաճյուղից դուրս հանելու վերաբերյալ։ Այնուհետև, ստանալով իրեն հետաքրքրող տեղեկությունները, անօրինական օգուտ և այլ առավելություն ստանալու նպատակով, նույն օրը հանդիպել է կոնյակի գործարանի երկու աշխատակիցների հետ, ինչի արդյունքում ստացել է մոտ 4 բեռնատար խաղողի մնացորդ:

Միաժամանակ, Ա.Ք.ն քրեական վարույթի նախաքննությամբ չպարզված ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել և առանց իրացնելու նպատակի իր տանն ապօրինի պահել է զգալի չափերով՝ 3.55 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է նրա բնակարանի խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ք.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 396-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, կազմվել է մեղադրական եզրակացություն և վարույթի նյութերի հետ միասին ուղարկվել հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և ըստ էության քննելու նպատակով վարույթը դատարան ուղարկելու հարցը լուծելու համար։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031