Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուծածներից միայն մեկն է այս պահին բուժում ստանում Գյումրի բժշկական կենտրոնում։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենց մոտ է գտնվում միայն «Զիլ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Հ․ Պ․-ն՝ ծնված 1990 թ.-ին։
Նրա վիճակը կայունացել է, գնահատում են կայուն ծանր։
Քիչ առաջ էլ Գյումրու հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժածներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարի զոհ էին դարձել 11 հոգի, որոնք վերադառնում էին պատմական հայրենիք՝ Արևմտյան Հայաստան կատարած ուղևորությունից։
«Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը բախվել էին միմյանց՝ դառնալով 11 հոգու մահվան պատճառ։ 6 հոգի էլ մարմնական ծանր վնասվածքներ են ստացել, բուժում են ստանում հանրապետության տարբեր հիվանդանոցներում։
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։ Դեպքի հանգամանքների շուրջ քննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում։
«Նախաքննության շրջանակներում կատարված` ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ: Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»-հայտնում է քննչական կոմիտեն:
Զոհվածներից տարիքով ամենափոքրը Եվա Փարսյանն էր՝ Սյունիքի Կոռնիձոր գյուղից, ով այս տարի ընդունվել էր ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, Արևմտյան Հայաստան մեկնել էր իր պատմության ուսուցչուհու՝ Նարե Ամարյանի հետ։ Երկուսն էլ վթարի զոհ էին դարձել։
Նրանք Արևմտյան Հայաստան էին մեկնել «Համշեն տուրով», մահացել է նաև 21-ամյա զբոսավար Մուշեղ Էլոյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ