Ամեն տարի օգոստոսի 15-ը նշվում է որպես Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի օր։
«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանն օրվա առիթիվ այսօր այցելեց Եռաբլուր։
«Առավոտի» հետ զրույցում Մարգարիտա Քարամյանն ասաց, որ Հադրութի վրա երեք խոշոր հարձակում է եղել 1990-ականներին։ Առաջին հարձակումը եղել է 1991 թվականին։ «1991 թվականի դեկտեմբերի 27-ին ռուսները մեզ թողեցին թուրքերի հետ մեն-մենակ ու գնացին։ Հաջորդը առավոտյան հարձակումը եղավ, մերոնք հետ շպրտեցին թշնամուն, եւ մենք սկսեցինք զենք ստանալ։ Արդեն պարզ էր, որ եթե դու կռվում ես, քեզ զենք էլ են տալիս, աջակցություն էլ»,- ասաց նա։
Մարգարիտա Քարամյանի խոսքով՝ հաջորդ հարձակումը եղել է 1992 թվականի հունիսի 21-22-ին։ «Այն ժամանակ ադրբեջանցիները փորձ արեցին մոտենալ Հադրութին։ Առաջին անգամ ադրբեջանցիներին հաջողվեց մտնել Մելիքաշեն գյուղ, այնտեղ մարդկանց դաժանաբար սպանեցին։ Իրենց ձեռագիրը չի փոխվում, դարձյալ երիտասարդներից մեկի ականջներն էին կտրել այն ժամանակ, դա իրենց սովորությունն է։ Բայց այն ժամանակ հայկական կողմին հաջողվեց գյուղը հետ վերցնել։ Հաջորդ խոշոր հարձակումը եղավ 1993 թվականի օգտոստոսի 15-ին։ Եվ դա եղավ այն ժամանակահատվածում, երբ Արցախի 60 տոկոսն օկուպացված էր։ Գիտեինք, որ հարձակում էր լինելու, նախօրեին ասել էին, որ գոնե կանայք ու երեխաները դուրս գան, բայց շատ հադրութցիներ մնացել էին Հադրութում։ Օգոստոսի 15-ին Հադրութի վրա 1200 արկ է ընկել, 5 ինքնաթիռ է եկել ու ռումբեր գցել Հադրութի վրա։ Ամեն վայրկյան պայթյուն էր, ադրբեջանցիները շատ մեծ ուժերով էին եկել։ Մի պահ իրենց նույնիսկ հաջողվեց մտնել Մելիքաշեն գյուղ, բայց էլի ի պատիվ մեր տղաների՝ կարողացան նրանց դուրս շպրտել։ Եվ արդեն երրորդ անգամ հաջողվեց Հադրութը պահել։ Պատերազմից հետո Էմիլ Աբրահամյանը նախաձեռնեց, եւ օգոստոսի 15-ը հռչակեցինք Հադրութի օր։ Ամեն տարի նշվում էր այդ օրը, Հադրութում հուշահամալիր էր կառուցվել, ամեն տարի տոնակատարություն էր իրականացվում զինվորականների մասնակցությամբ։ Ընդհանրապես զինվորականությունն էր Արցախի հպարտությունը, որովհետեւ իրենք էին պահում մեր երկիրը»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Մարգարիտա Քարամյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ նշանակություն ունի Հադրութը Արցախի համար։ «Առաջին հերթին հենց Հադրութից է սկսվել ազգային ազատագրական շարժումը։ Հադրութը ոչ միայն ռազմական նշանակություն ուներ, այլ նաեւ գաղափարական, որովհետեւ միացումի գաղափարը հենց Հադրութից է ծնվել։ Ադրբեջանցիները լավ գիտեին Հադրութի հոգեւոր ու գաղափարական պոտենցիալի մասին, հետեւաբար, թե իրենց համար, թե մեզ համար շատ մեծ նշանակություն ունի Հադրութը։ Հետագայում, երբ մենք հայտնվեցինք 1994 թվականի սահմաններում, Հադրութի նշանակությունը շատ մեծ էր հենց Հայաստանի համար, որովհետեւ հենց Հադրութից սկսվում է այն, ինչն այսօր ադրբեջացիներն անվանում են «Զանգեզուրի միջանցք»։
Հադրութի ազատագրված տարածքները սահմանակից էին Իրանին, եւ Արաքս գետն էր Իրանի հետ մեր սահմանը։ Նաեւ Հադրութի հարավ-արեւմտյան շրջանները սահմանակից էին Կոռնիձորին։ Այսինքն՝ եթե նախորդ 30 տարիներին կենացներ չասեինք, աշխատեինք, մենք կարող էին թե՛ Հայաստանի հետ մեկ ճանապարհ եւս կառուցել, թե՛ Իրանի հետ կարող էինք ճանապարհ ունենալ, եւ այսօր լիարժեք շրջափակում չէր լինի։ Բայց ադրբեջանցիները մեզանից խելացի են աշխատել։ Հիմա շատերն են հասկանում, որ եթե Հադրութն ու Քարվաճառը հետ չբերենք, Հայաստանը շատ մեծ վտանգի տակ է հայտնվում։ Եթե մեզ չհաջողվի դիվանագիտական, թե ռազմական ճանապարհով այս երկու շրջանները հետ բերել, Հայաստանի անվտանգության համակարգն է խախտված ամբողջությամբ։ Մենք տեսանք, թե ինչպես թշնամին եկավ նստեց Ջերմուկի սարերում, ընդհանրապես բոլոր բարձունքներում իրենք նստած են, եւ Հայաստանի պետականության ոչնչացումը նույնիսկ կարող է շաբաթների խնդիր լինել»,- նշեց Մարգարիտա Քարամյանը։
Նա ասաց, որ առաջին պատերազմի ժամանակ միայն Հադրութ քաղաքից 132 զոհ է եղել, ընդհանուր շրջանում՝ ավելի քան 500 զոհ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախը տվել է 1200 զոհ, որից 986-ը հուղարկավորված են Երեւանում՝ Եռաբլուրում, մյուսները՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը եւ այն գյուղերում, որոնք Արցախի վերահսկողության տակ են։ Եռաբլուրում հուղարկավորված 986 արցախցիներից 243-ը Հադրութի շրջանից են։ Միայն Հադրութ քաղաքից եւ մոտագա գյուղերից վերջին պատերազմի հետեւանքով 83 մարդ է հուղարկավորված Եռաբլուրում։ «44-օրյա պատերազմի հետեւանքով մեր զոհերի թիվը 4800 են նշում, եթե տոկոսային հարաբերությամբ վերցնենք, որ 150 հազար բնակչություն ունեցող Արցախը տվել է 1200 զոհ, ապա կստացվի, որ չկա մի ընտանիք, ինչպես առաջին պատերազմի ժամանակ էր, որ զոհ չի ունեցել։ Եվ մի ողբերգական միտում կա՝ առաջին պատերազմում զոհված տղաների որդիները կամ ազգականներն են որպես կանոն զոհվել երկրորդ պատերազմում։ Երեւի օրինաչափություն է, որ գաղափարական մարդիկ պայքարում են երկրի համար»,- հավելեց նա։
Հադրութի բռնազավթման հետեւանքով Հայաստան տեղափոխված հադրութցիները բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են վերադառնալ հենց Հադրութ։ Հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում վերադարձը, անվտանգության ի՞նչ մեխանիզմներով, Մարգարիտա Քարամյանը պատասխանեց․ «Միայն Միջազգային դատարանով մենք պետք է ապացուցենք, որ դրանք իրենց տարածքները չեն, Հայաստանի տարածքներն են, որ ժամանակին Արցախն անօրինական կերպով բռնակցվել է Ադրբեջանին։ Եվ սովետմիության այդ 70 տարիներին հայատյացության ծրագիրն իրականացվում էր։ Բայց 1988 թվականին մենք իրականացրեցինք ազգային ազատագրական շարժումը, որը, ցավոք սրտի, միջազգային ասպարեզում չի ճանաչվել։ Սա էլ պետք է ներկայացնենք միջազգային դատարանում, որ միջազգային հանրության մեղքն էլ կա դրանում։ Երբ 1991 թվականին Ադրբեջանը մեր դեմ պատերազմ էր սանձազերծում, մեզ պետք է ճանաչեին որպես ժողովուրդ, որն իրականացնում է ազգային ազատագրական շարժում։
Երկրորդ, մենք 1990 թվականին հռչակել ենք ԼՂՀ-ն, որն ստեղծվել է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տարածքների վրա։ Հետագայում, երբ Հայաստանը մեզ զրկեց Անկախության հռչակագրի քվեարկությանը մասնակցելուց, մենք դուրս եկանք ԽՍՀՄ-ից, մեր հանրաքվեն իրականացրեցինք 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Այսինքն՝ մենք օրինական կարգով՝ այն ժամանակվա օրենսդրությանը եւ Սահմանադրությանը համապատասխան, դուրս ենք եկել ԽՍՀՄ-ից եւ Խորհրդային Ադրբեջանի կազմից։ Հիմա, երբ Ադրբեջանը միջազգային ասպարեզում խնդիր է դնում, որ արցախցիները պետք է ընդունեն իր քաղաքացիությունը եւ դառնան իր երկրում հերթական ազգային փոքրամասնությունը եւ ընդգծում է, որ դա պետք է իրականացվի Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, մենք պետք է դատարանով ապացուցենք, որ ընդհանրապես չենք մասնակցել ոչ անկախ Ադրբեջանի ստեղծման պրոցեսին, ոչ էլ իր անկախության հանրաքվեին։ Եվ Ադրբեջանը ոչ մի իրավունք ու իրավասություն չունի մեր քաղաքացիների նկատմամբ»։
Ըստ Քարամյանի՝ քանի դեռ այսօր պատրաստ չենք ռազմական ճանապարհով խնդիրները լուծել, պետք է Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնել։ Նա նշեց, որ Հայաստանը շատ արագ պետք է վավերացնի Հռոմի ստատուտը, որպեսզի հնարավոր լինի դիմել Միջազգային դատարան։ «Քանի որ արդեն բազմաթիվ միջազգային ատյաններ հայտարարում են, որ Արցախում տեղի ունեցողը ցեղասպանական տարրեր է պարունակում իր մեջ, մենք կարող ենք դրանից օգտվելով՝ շատ արագ այդ ամենն անել։ Ուղղակի պետք է աշխատենք գիշեր-ցերեկ, ինչը չենք անում, չգիտեմ՝ ինչի՞ ենք սպասում»,- ընդգծեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ