Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Առավելագույնս սատար կանգնենք միմյանց». Ստեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան

Օգոստոս 15,2023 16:43

Ստեփանակերտ, 15 օգոստոսի: Ստեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան՝ շրջափակման հետևանքով ստեղծված սոցիալական իրավիճակը մեղմելու և բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելու նպատակով: Ճաշարանը գործելու է «Պարկ հոթել» հյուրանոցի տարածքում՝ օգտագործելով շրջափակման հետևանքով արդեն չգործող հյուրանոցի ճաշարանային ու խոհանոցային հնարավորությունները:

Ծրագիրը, որը նախաձեռնել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման` սոցիալական ոլորտով զբաղվող աշխատանքային խումբը, իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության միջոցով և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի օրհնությամբ ու ներգրավվածությամբ:

Հանրային սննդի ծառայություն մատուցող մասնավոր ընկերություններից մեկի հետ կնքվել է ծառայության մատուցման պայմանագիր, և վերջինս պարտավորվել է օրական մեկ անգամ սննդով ապահովել ծրագրի շահառուներին:

Ծրագրի գաղափարն առաջարկվել է՝ հաշվի առնելով, որ այսպիսի սոցիալական-բարեգործական ճաշարաններ գործում են տարբեր երկրներում: Դժվարին իրավիճակներում դրանք ոչ միայն ուղղված են խոցելի խմբերին հնարավորինս աջակցելուն, այլև հոգեբանական նշանակություն ունեն, և ստեղծում են նաև շփման միջավայր՝ թույլ չտալով մարդկանց պարփակվել:

Հաշվի է առնվել նաև այն, որ առանձին սոցիալական խմբերի սնունդ բաշխելու տեխնիկական հնարավորություն չկա, բայց հնարավորություն կա սուղ մթերքից ճաշատեսակ պատրաստել և մատուցել մարդկանց: Այս իրողություններում ամեն ինչ արվելու է, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան օգտվել ծրագրից: Այդ նպատակով կամավորներն արդեն պատրաստի ուտելիքը հասցնելու են այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն լինի ճաշարան այցելել: «Մենք հոգ ենք տանելու, որպեսզի հարմարավետ միջավայր ստեղծվի մարդկանց համար, իսկ ճաշարանն ամեն օր ապահովվի սննդով: Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, որ առավելագույնս պետք է սատար կանգնենք միմյանց»,- ասել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման կոմիտեի անդամ Հայկ Ավանեսյանը:

Ճաշարանի տարածքն ընտրվել է՝ հաշվի առնելով նաև, որ այն գտնվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հարևանությամբ, և հոգևորականները նույնպես այցելելու են քաղաքացիներին՝ շփվելու նրանց հետ: Ուշագրավ է, որ այսօր առաջին ճաշը մատուցելուց առաջ օրհնության կարգ է կատարվել:

Ճաշարանը մարդկանց սպասարկելու է ժամը 13.00-16.00-ի հատվածում: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 16 տարեկան երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղի կանայք ու 65 տարեկանից բարձր տարեցները:

Հնարավորության դեպքում ծրագիրն ընդլայնվելու է. նախատեսվում է ևս մեկ նման կետ բացել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ:

Ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ զանգահարելով 3333 կարճ համարին։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031