Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանի ընտրություններն անկասկած քաղաքական բովանդակություն կրելու են․ դրանք նաև վստահության հանրաքվե են»․ Վիգեն Հակոբյան

Օգոստոս 15,2023 16:39

«Պետք է հասկանալ՝ ի վերջո երևանցիներն այս ընտրություններն ի՞նչ են դիտում՝ ընտրություններ՝ Երևանի խնդիրներո՞վ, թե՝ որպես կենտրոնական իշխանությանն անվստահություն հայտնելու, Արցախի հետ կապված հարցով քվեարկություն իրականացնելու միջոցառում»,- «Հայացք» մամուլի ակումբում հրավիրված քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին։

Ըստ նրա՝ եթե Երևանի ավագանու ընտրությունները գնան այն սկզբունքով, որ այն վերածվի Արցախի հարցի նկատմամբ եղած վերաբերմունքի քվեարկության, կարող է «Մայր Հայաստանը» և ՔՊ-ն լինեն հիմնական մրցակիցներ, քանի որ այդ ուժերն ունեն տարբեր քաղաքական դիրքորոշումներ․ «Եթե ընտրությունների գործընթացը գնա համայնքային զարգացման հիմնախնդիրներով, բնականաբար, այդպես չի լինելու։ ՔՊ-ի հիմնական մրցակիցը կարող է լրիվ այլ քաղաքական ուժ լինել, որն ավելի կկարևորի համայնքային խնդիրը։ Երևանի գլխավոր հավաքարարի չենք ընտրելու, այլ քաղաքական ուժ, որի ծրագիրը՝ Երևանի զարգացման, բոլոր ոլորտներին վերաբերող, ավելի գրավիչ պետք է լինի ընտրազանգվածի մեծ մասի համար, ոչ թե միայն գազելների վերացում, վերելակներ, աղբահանություն»։

Ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի՝ Երևանը տարբերվում է այլ համայնքներից, որտեղ տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ․ «Երևանի ընտրություններն անկասկած քաղաքական բովանդակություն կրելու են։ Իհարկե, մեծ հարց է, թե երևանցիների համար որքանով է ավելի մեծ նշանակություն ունենալու քաղաքային օրակարգը, որքանով՝ քաղաքականը։ Փաստ է, որ երկու զուգահեռ ուղղություն ենք տեսնում․ մեկը քաղաքայինն է։ Շատ քաղաքական ուժեր քաղաքայինի վրա են շեշտը դնելու, և կա մեկ երկու ուժ, որոնք հիմնական շետը դնում են քաղաքականի վրա։ Սկզբնական փուլում շահեկան վիճակում կլինեն այն ուժերը, որոնք հիբրիդային օրակարգ կունենան՝ և′ քաղաքական, և′ քաղաքային»։

Հարցին՝ եթե ոչ իշխանական ուժերը կոալիցիա կազմեն, և ներկայիս իշխող ուժը Երևան համայնքում դառնա ընդդիմություն, այդ դեպքում ի՞նչ գործընթացներ են հնարավոր, Արմեն Բադալյանը պատասխանեց․ «Եթե ներկայիս իշխող ուժը 5-6 տոկոս ստանա՝ այլ հարց է, եթե նրան չբավարարի ընդամենը մի քանի տոկոս՝ այլ հարց։ Ըստ այդ տոկոսի՝ իրենք իրենց գործողությունները կիրականացնեն։ Եթե 5 տոկոս ես հավաքում, բնականաբար, չես փորձի դա սարքել 51 տոկոս, եթե 45 տոկոս ես դարձել, 51 չի հաջողվել հավաքել, բնականաբար, դու փորձում ես մյուսների հետ գործարքների գնալ՝ ավագանու անդամ դուրս բերել, ազդել, որ ավագանու անդամները դուրս գան, նիստերը չկայանան, անվստահության գործընթաց առաջացնել, որպեսզի համայնքային կառավարում չլինի, և այդպես հասնես վերընտրության»։

Վիգեն Հակոբյանն այս առիթով նկատեց․ «Եթե ՔՊ-ն պարտվի այս կամ այն եղանակով՝ կամ ուղղակիորեն ինչ-որ մի քաղաքական ուժի, կամ հետագայում ձևավորվող կոալիցիայի, կարծում եմ՝ այդ պարագայում կարող է մի քանի գործընթաց լինել։ Առաջինը՝ իշխանության համար և որոշ արտաքին դոնորների համար Երևանի ընտրությունները նաև վստահության հանրաքվե են, որը հետագայում իշխանությունը կարող է օգտագործել՝ փորձելով հիմնավորել, որ ժողովուրդ կոչեցյալն իրենց կողմն է, և իրենք այսպես ասած լեգիտիմություն ունեն, որ կարողանան ստորագրել ցանկացած փաստաթուղթ՝ կապված նախևառաջ Արցախի հետ կամ գլոբալ առումով հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ՝ խաղաղության պայմանագիր և այլն։ Այսինքն՝ խաղադրույքները կարող են բավականին բարձր լինել։ Դա ասում եմ մի տարբերակ, եթե հանկարծ իշխանությանը հաջողվի այս կամ այն ճանապարհով հաղթել։ Այդ դեպքում իրենց աշխարհաքաղաքական դոնորներն իրենց կառաջարկեն, որ արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացվեն՝ հստակ օրակարգով, որ իշխող կուսակցությունը նաև ներկայացնի ուղղակիորեն խաղաղության օրակարգը՝ Արցախը Ադրբեջանի կազմում է, անկլավներ․ ուղղակի լեգիմիտություն փորձեն ստանալ։ Շատ մեծ խաղադրույքներ դրվում են այս ընտրությունների վրա։ Եթե նույնիսկ բավականին փոքր մարժայով պարտվի այս իշխանությունը, այդ դեպքում հակառակը կարող  է լինել։ Այն դոնորները, որոնք բերել, կերակրել, աջակցել են նրանց, իրենք կարող են սկսել փոխելու գործընթաց, որովհետև այդ պարագայում արդեն կունենան մի իշխանություն, որը ժամկետանց է, նաև դրսից կարող են գեներացվել որոշակի գործընթացներ։ Եթե Երևանում կարողանում ես հաղթել իշխանությանը, ապա այդ պարագայում իշխանության ներսում են սկսվում որոշակի գործընթացներ՝ փախուստի գործընթացներ։ Դա բերում է իշխանության աստիճանաբար, հետո սրընթաց դեմոնտաժի՝ առավել ևս, որ խաղի մեջ են մտնում նաև արտաքին շահագրգիռ խաղացողներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031