Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է այս թեզը կեղծ։ Որովհետև իրենց պետք է և՛ Արցախը, և՛ Սյունիքը և բազմաթիվ այլ տարածքներ. Տաթևիկ Հայրապետյան

Օգոստոս 15,2023 15:23

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մի կեղծ խոսույթ կա, որն ինտենսիվորեն տարածում են և’ ադրբեջանա֊թուրքական քարոզչական աղբյուրները, և’ ՀՀ իշխանական պրոպագանդիստները։ Խոսույթը հետևյալն է` Արցախը հայտնվել է այս վիճակում, քանի որ ՀՀ իշխանությունները չեն կատարում Մեղրիի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի պահանջը կամ այլ կերպ ասած` «միջանցք» չեն տալիս։ Թուրքական ու ադրբեջանական քարոզիչները դա տարածում են, քանի որ իրենք ուզում են հայ հանրությունը մտածի, որ իրենք ընդամենը ճնշումների քաղաքականություն են բանեցնում` մեկը մյուսի դիմաց տրամաբանությամբ։

ՀՀ իշխանություններին էլ պետք է, որ հայ հանրությունը մտածի, որ Արցախի հետ կապված իրենց հակապետական վերաբերմունքը մի նպատակ ունի` փրկել Սյունիքն ու ՀՀ֊ն։

Ինչո՞ւ է այս թեզը կեղծ։ Պարզ պատճառով, որովհետև մեր հակառակորդներին պետք չէ միայն Արցախը կամ միայն Սյունիքը, իրենց պետք է և՛ Արցախը, և՛ Սյունիքը և բազմաթիվ այլ տարածքներ, առհասարակ` իրենց պետք է, որ չլինի հայոց պետականությունը։

Ի տարբերություն մեզ` իրենք հոյակապ գիտեն, որ հենց Արցախով է ՀՀ֊ն ուժեղ, Արցախը տասնամյակներով եղել է Հայաստանի անվտանգային ու դիվանագիտական պատվարը։ Այսօրվա հարձակումները ՀՀ֊ի վրա կատարվում են Արցախի օկուպացված շրջաններից, ընդ որում` հենց այն շրջաններից, որոնք թղթով հանձնվել են Ադրբեջանին, օրինակ` Քարվաճառից։

Ուստի Սյունիքը և առհասարակ հայոց պետականությունը պահելու համար կարևոր է չհրաժարվել Արցախից, չանել քայլեր, որոնց հետևանքով մենք կորցնելու ենք այդ փոքր, բայց անասելի կարևոր հողակտորը, որը հայկական պահելու համար այնքան կյանք ու ջանք է դրվել տասնամյակներ շարունակ։ Բոլոր այն մարդիկ, որոնք Արցախից հրաժարումը դիտում են որպես Հայաստանը փրկելու ձև կամ ուղղակի չունեն պատմության և քաղաքականության մասին համարժեք գիտելիքներ կամ էլ դավաճան են, այլ բացատրություն ինձ համար դժվար է գտնել նման քարոզով զբաղվողների համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031