Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշնակիցներ գուցե կարող են լինել ՔՊ-ն ու «Հանրապետությունը», եթե վերջինս  անցողիկ լինի, բնական դաշնակից կարող են լինել «Ապրելու երկիրը» և այն քաղաքական ուժը, որով մասնակցում է Հայկ Մարությանը»․ Վիգեն Հակոբյան

Օգոստոս 15,2023 14:52

«Իշխանության վարկանիշը ցածր է, բայց մյուսներինը համարյա 0 է»,- «Հայացք» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Արմեն Բադալյան

Ըստ նրա՝ սա ինչպե՞ս կօգտագործվի, ի՞նչ քարոզչություն կիրականացվի, առաջիկայում պարզ կլինի․ «Իհարկե, իշխանությունը վարչական ռեսուրս կօգտագործի ոնց որ հին, բարի ժամանակներում ՀՀԿ-ն էր օգտագործում։ Բայց, այնուամենայնիվ, մենք կարող ենք ասել՝ գրագետ քարոզչության դեպքում իշխանությունը կարող է ինքն առնվազն բավականին մեծ տոկոս ունենալ, որ միանձնյա կամ մեկ ուրիշի հետ միասին կոալիցիոն իշխանություն ձևավորի։ Կլինի գրագետ քարոզարշավ՝ տոկոսը բարձր կլինի»։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ իշխանությունն անկասկած օգտագործելու է վարչական ռեսուրս․ «Իշխանությունը, բոլորս տեսնում ենք, օգտագործում է այդ վարչական ռեսուրսն իր թեկնածուի քարոզչության նպատակով։ Այդ ամենն արվում է, բայց քարոզչական ռեսուրսն ունի սահմանափակումներ․ եթե օգտագործում ես, դրանից հետո ի՞նչ ես անում։ Եթե վարկանիշդ 30-40 տոկոս է, պետք է ավելացնել, վարչական ռեսուրսը փրկօղակ է, երբ քո վարկանիշը 10-12 տոկոս է, էդ վարչական ռեսուրսը չի կարող 40 տոկոս քեզ բերել։ Նույնիսկ դրան, եթե գումարենք հնարավոր կեղծիքները, երբ մի հինգ տոկոսի կեղծիք է արվում, կարող է չզգացվել, բայց հինգ տոկոսից երբ ավելի է լինում, սկսվում է զգացվել։ Կամ արկղ են գողանում, կամ կարուսելներ են լինում, կամ փող են բաժանում․ սկսում է մասսայական բնույթ կրել։ Դժվար է ասել՝ դրան կգնա՞ իշխանությունը, թե՝ ոչ։ Դա շատ բանից է կախված՝ նաև միջազգային դաբրոներից։ Եթե Երևանի ընտրությունները նաև դիտարկվում են գործող իշխանության համար քարտ բլաշ՝ հետագայում ինչ-որ բաներ Արցախի շուրջ ստորագրելու համար, այդ պարագայում կարելի է ամեն ինչ անել, աչք փակել։ Բայց եթե նման բան չկա, ապա այդ մեխանիզմների օգտագործումը՝ վարչական ռեսուրսներ, ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ, դրանք շատ արդյունավետ չեմ համարում։ Բազային թիվը շատ ցածր է»։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք Երևանի ավագանու ընտրությունների մասնակից 14 ուժերից որոշների միջև կոալիցիաների ձևավորումը, Արմեն Բադալյանը պատասխանեց․ «Չեմ կարող գուշակություն անել․ կախված է քարոզչության որակից, մասնակցությունից։ Շատ են ասում՝ մենք կոալիցիա չենք կազմում, բայց պատմությունը ցույց է տալիս, որ այնքան կոալիցիաներ են լինում, չես սպասում, որ նման կոալիցիա կլինի։ Մեկ էլ տեսար՝ այդպիսի բան լինի»։

Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ իշխանությունը ձգտելու է միանձնյա փորձել ինչ-որ բան անել, թեպետ առանց մեծ խախտումների դժվար է պատկերացնել դա․ «Լուրջ աղմուկ կլինի, էդ խախտումներն իրենք կարող են գեներացնել քաղաքական գործընթացներ։ Առավել ևս քաղաքական ուժերից մեկն էլ հենց փողոցում աշխատելու է։ Հնարավոր դաշնակիցներ գուցե կարող են լինել ՔՊ-ն «Հանրապետության» հետ, եթե «Հանրապետությունն» անցողիկ լինի։ Մնացածներն առայժմ չի երևում, որ անցողիկ են։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր, ոչ իշխանական դաշտին, ապա կարծում եմ՝ այստեղ կարող են բավականին բնական դաշնակից լինել «Ապրելու երկիրը» և այն քաղաքական ուժը, որով մասնակցում է Հայկ Մարությանը։ «Ապրելու երկիրն» այդ փորձն ունի։ Ջոկերի դեր կարող է խաղալ «Մայր Հայաստանը», որը լրիվ ուրիշ օրակարգով է գնում և կարող է ինքը վերցնել իր տոկոսները և դրանով կարող են որոշակի պայմանավորվածություններ ունենալ ոչ իշխանական անցողիկ ուժերի հետ և փորձել կոալիցիա ձևավորել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031