Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմն oգոստոսի 12-ին իր հյուրընկալ դռներն էր բացել մայրենի լեզվի ուսուցիչների առջև: Այս տարի տեղի էր ունենում ուսուցչական 13-րդ ամենամյա հավաքը, որի ընթացքում ներկայացվեց և քննարկվեց նորանոր ուսումնական մեթոդների և փորձի փոխանակման, դպրոցներում երեխաների տարբեր վարքագծի ցուցաբերման, ժամանակակից տեխնիկայի օգտագործման և կրթամակարդակի բարելավման վերաբերյալ բազմազան հարցեր: Աշխատանիստին ներկա էր մոտ 40 ուսուցիչ, իսկ առցանց՝ 30 մասնագետ, ոչ միայն ԱՄՆ Արևմտյան, այլև Արևելյան, Կանադայի և մի հոգի Գերմանիայի թեմերից:
Բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ և «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, ով ներկայացրեց օրվա ծրագիրը, ինչպես նաև հայտարարեց, որ այս տարի առաջին անգամն է, որ հավաքին մասնակցում են նաև քույր թեմերի ներկայացուցիչներ։ Առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի անունից ներկաներին իր օրհնությունը բաշխեց, հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանը, ով կարևորեց ուսուցչի դերը սփյուռքահայ երեխաների հայեցի դաստիարակության և կրթության գործում: Մեր հայրենիքի հզորացման գործոններից մեկը սփյուռքում մայրենիի ուսուցումն ու տարածումն է:
Աղոթքից և այս ծրագրի համահիմնադիրներից դոկտ. Էլլի Անդրեասյանի խոսքից հետո, դասախոսությամբ հանդես եկավ Կիրառական վարքագծի վերլուծության (Applied Behavior Analysis ) մասնագետ Անի Լալայանը: Նա կարևորեց ուսուցչի դերը երեխայի կյանքում, նրա դժվար վարքագծի ցուցաբերման արդյունքում մանկավարժի հմտության և համբերատարության գործոնը, դասարանում ստեղծված բարդ իրավիճակում նրա ճիշտ մոտեցումը, ինչպես նաև ուսուցիչ – ծնող կապի առանձնահատկությունները: Երբեմն ուսման համար անհրաժեշտ է, որ աշակերտը լինի ամբողջ դասարանի հետ, երբեմն՝ ոչ մեծ խմբում, իսկ երբեմն էլ՝ նույնիսկ ուսուցչի հետ առանձնացված։ Դաստիարակի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար, անհրաժեշտ է երեխայի ծնողի հետ ստեղծել առողջ կառուցողական համագործակցային հարաբերություններ: Այս ամենից հետո կարելի է հստակ ասել, որ մանկավարժը հաջողել է իր դժվարին աշխատանքում:
Աշխատանիստի հետաքրքրական պահերից էր «Ժամանակակից տեխնիկաների օգտագործումը դասավանդության ընթացքում» նյութը, որը ներկայացրեց համակարգչային ձևավորող Իռեն Գումրույանը: Այսօրվա դպրոցն անհնար է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման: Թվային միջոցների օգտագործումն ուսուցման ոլորտում դարձել է անհրաժեշտություն, որն էլ նպաստում է կրթական մակարդակի զարգացմանն ու բարելավմանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դասերի կազմակերպման առանձնահատկությունն այն է, որ գործունեության կենտրոնն աշակերտն է, որը ելնելով իր անհատական ընդունակություններից և հետաքրքրություններից՝ կառուցում է իր ուսուցման գործընթացը։ Այդօրինակ դասերի կազմակերպման ընթացքում հաճախ ուսուցիչը հանդես է գալիս որպես օգնական, խորհրդատու, որը խրախուսում է երեխայի յուրօրինակ մոտեցումը, խթանում է ակտիվությունը, նախաձեռնությունը, ինքնուրույնությունը: Տեխնիկայի օգտագործումը դասի ընթացքում ունի մի շարք դրական առանձնահատկություններ.
Կարդացեք նաև
- դասերը ձանձրալի չեն լինում և հաճույքով մասնակցում են բոլոր երեխաները
- դասերը երեխային դարձնում են տրամաբանական և որոնողական բնույթի
- Առցանց գրավոր ստուգարքներն ավելի հետաքրքիր են և ավելի շուտ են ընկալվում երեխաների կողմից
- Առցանց և համացանցային խաղերն աջակցում են, որ երեխաներն ակտիվորեն մասնակցեն դասին և հեշտությամբ յուրացնեն նյութը
- Առցանց գրավոր ստուգարքներն և համացանցային խաղերը հեշտացնում են ուսուցչի գործունեությունը
Մայրենիի մշակների ամենամյա հավաքն ամփոփեց դոկտոր Էլլի Անդրեասյանը, որը կարևորեց դասավանդման նոր մեթոդների օգտագործումը, երեխայի ինքնուրույն մտածելու և ինքնուրույն արտահայտվելու կարողությունը, ինչպես նաև հայկական դպրոցներում սոկրատյան զրույցը (circle) կիրառելու մեթոդիկան:
Օրն ավարտվեց արժանապատիվ Տ. Միքայել քահանա Կյուրեղյանի Տերունական աղոթքով։
Անահիտ Ամիրյան
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի մամուլի պատասխանատու