Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ պրոֆեսորը՝ միջազգային հեղինակավոր մրցանակի դափնեկիր

Օգոստոս 15,2023 12:12

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Կարեն Ղամբարյանը Մալայզիայում մասնակցել է Վերականգնվող էներգիայի համաշխարհային համաժողովին (WREC-2023)` որպես հրավիրյալ բանախոս ներկայացնելով գիտական զեկուցում։ Պրոֆեսորը Կուալա Լումպուրից վերադարձել է «World Renewable Energy Network Pioneer Award» մրցանակով, որին արժանացել են մոտ 250 մասնակիցներից 4-ը՝ Հայաստանի Հանրապետության, Միացյալ Թագավորության, Չինաստանի և Մալայզիայի ներկայացուցիչները:

Վերականգնվող էներգիայի համաշխարհային ցանցը (World Renewable Energy Network-WREN) անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և նրա նպատակն է աջակցել ու ընդլայնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումն ու ներդրումը, որոնք և՛ էկոլոգիապես անվտանգ են, և՛ տնտեսապես կայուն: Դա արվում է տարբեր հաստատությունների և անհատների համաշխարհային ցանցի միջոցով, որոնք համատեղ աշխատում են վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների և հավելվածների միջազգային տարածման ուղղությամբ:

Մեկտեղելով աշխարհի երկրների մեծ մասի ներկայացուցիչներին՝ Համաշխարհային ցանցը նպատակ ունի խթանելու այս ոլորտում գիտնականների, ճարտարագետների ու տեխնոլոգների հաղորդակցությունն ու տեխնիկական կրթությունը և լուծելու ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրների էներգետիկ կարիքները:
Ջերմաֆոտովոլտայիկ համակարգերում, ի տարբերություն ֆոտովոլտայիկ համակարգերի, ոչ թե արեգակնային ճառագայթի էներգիան է փոխակերպվում էլեկտրականության, այլ ջերմային կամ տաք մարմնի ճառագայթը։ Քանի որ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներն այսօր տնտեսապես կենսունակ այլընտրանք են էներգիայի ավանդական աղբյուրներին, իսկ վերջերս ավանդական արևային բջիջներից բացի՝ ֆոտովոլտայիկ տարրերը և ֆոտոհաղորդիչ բջիջները լայն կիրառություն են գտել ջերմաֆոտովոլտայիկ համակարգի փոխարկիչներում, ուստի այս թեման արդիական է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում գիտության տվյալ բնագավառի ներկայացուցիչների շրջանում։

ԵՊՀ պրոֆեսոր Կ․ Ղամբարյանը անցել է 42-ամյա ակադեմիական ճանապարհ, իսկ 1999 թվականից Վերականգնվող էներգիայի համաշխարհային ցանցում ՀՀ ներկայացուցիչն է։ Նա բազմիցս մասնակցել է ցանցի շրջանակում կազմակերպվող Վերականգնվող էներգիայի համաշխարհային համաժողովին՝ հանդես գալով գիտական զեկուցումներով։ Այս տարի մասնակցելով համաժողովին՝ ԵՊՀ պրոֆեսորը ներկայացրել է զեկուցում «Երկրորդ սեռի կոնաձև քվանտային կետերով ֆոտոհաղորդիչ բջիջների ստեղծումը և հետազոտումը ջերմաֆոտովոլտաիկ համակարգերի և միջին ենթակարմիր տիրույթում այլ կիրառությունների նպատակով» թեմայով։ Պրոֆեսորը գիտական այս ուղղության ուսումնասիրությամբ զբաղվում է երկար ժամանակ, և դեռևս 2004-2006 թթ․ ԱՄՆ վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայի (National Renewable Energy Laboratory) հետ համատեղ կատարվել են գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները հոդվածների տեսքով տպագրվել են բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում։

Վերջին տարիներին Կ․ Ղամբարյանն ուսումնասիրում է կիսահաղորդչային քվանտային կետերը և կիսահաղորդչային նանոտեխնոլոգիաները։ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում Կ․ Ղամբարյանի ղեկավարած թիմն արդեն ստեղծել է ջերմաֆոտովոլտայիկ համակարգեր, որոնցում ձևավորվել են քվանտային կետեր։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պրոֆեսորն արձանագրել է, որ ջերմաֆոտովոլտայիկ համակարգերի ՕԳԳ-ն բավականին մեծանում է այդ նանոկառուցվածքների օգտագործման շնորհիվ։ Անդրադառնալով Հայաստանում վերոնշյալ կիրառությունների տարածմանը՝ Կ․ Ղամբարյանը փաստում է, որ մեր երկրում դրանք այնքան էլ ուսումնասիրված չեն, և այդ կիրառությունները ՀՀ-ում դեռևս գիտական հետազոտությունների տիրույթում են։

Այս տարի կայացած Վերականգնվող էներգիայի համաշխարհային համաժողովին պրոֆեսորի ներկայացրած զեկուցումը վերաբերում էր հենց նանոկառուցվածքների կիրառմանը ջերմաֆոտովոլտայիկ փոխակերպիչներում՝ մատնանշելով աշխատանքային պարամետրերի բարելավումը այդ քվանտային կետերի կիրառման շնորհիվ։ Զեկուցումը հոդվածի տեսքով շուտով լույս կտեսնի  «Springer Nature» ժողովածուում։

Համաժողովին պրոֆեսորի ներկայացրած զեկուցումը մեծ արձագանք է գտել ունկնդիրների շրջանում, իսկ նրա գործունեությունը արժանացել է իրեղեն գնահատանքի՝ հատուկ մրցանակի։ Գիտնականը շեշտում է, որ այդ մրցանակը Համաշխարհային ցանցում կատարած  երկարամյա աշխատանքի արդյունք է։ Ըստ որում, նրա խոսքով, հպարտության զգացում է առաջացնում ոչ միայն այն, որ մրցանակը տրվել է համաժողովի մոտ 250 մասնակիցներից միայն 4-ին, այլև այն, որ բեմում կանգնած է եղել նաև ՀՀ ներկայացուցիչ։

«Մեծ պատիվ է, երբ նման միջազգային կարևորության միջոցառման բեմում հնչում են հայերեն ազգանուն և մեր երկրի անունը։ Դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Համաշխարհային ցանցում բոլորը գիտեն՝ հայ գիտնականները նույնպես նմանատիպ աշխատանքներ են կատարում, և դրանց հեղինակները Երևանի պետական համալսարանն են ներկայացնում։ Առհասարակ, նմանօրինակ միջոցառումները կարևոր են նաև ԵՊՀ միջազգայնացման տեսանկյունից»,- ասում է Կ․ Ղամբարյանը։

ԵՊՀ դասախոսը արձանագրում է նաև, որ այսօրինակ մրցանակները ներշնչանքի աղբյուր են նախևառաջ երիտասարդների համար։

«Ամեն անգամ, երբ ես վերադառնում եմ միջազգային կոնֆերանսներից, առաջինը շտապում եմ լսարան՝ ուսանողներիս տեղեկացնելու գիտության վերջին զարգացումների մասին։ Իմ դասախոսությունների պարտադիր բաղադրիչ են այդ կոնֆերանսներում լսած գիտական նորույթները, որոնք, դեռևս չլինելով տպագրված, արդեն իսկ ծանոթ են լինում հայ ուսանողներին։ Այս ամենի նպատակն է նաև այն, որ երիտասարդները հետաքրքրություն ցուցաբերեն գիտության հանդեպ և սկսեն գիտական ճանապարհ, որն իրենց էլ մի օր կարող է տանել դեպի այսպիսի հաջողություններ»,- հպարտությամբ նշում է պրոֆեսորը։

Կ․ Ղամբարյանն առանձնահատուկ շեշտում է նաև այն, որ աշխարհին համընթաց քայլելու համար անհրաժեշտ է տեսական գիտելիքին զուգահեռ հարստացնել նաև գործնական հմտությունները, քանի որ աշխարհը, անկախ մեր կամքից, գնում է դեպի նյութականացում․․․

ԵՊՀ մարքեթինգի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031