Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձեք Կոմիտասի համար բյուջեից ինչ-որ գումար ուզել` կոպեկներ կհատկացնեն, բայց մի հատ ռեփեր բերելու համար այնքան փող կծախսեն. «Հրապարակ»

Օգոստոս 15,2023 11:54

Սնուփ Դոգի համերգի վրա, արդեն հայտնի է, որոշվել է պետության պահուստային ֆոնդից հատկացնել 6 մլն դոլար: Այդ որոշումն ընդունվել է անցած շաբաթ` կառավարության նիստում, չզեկուցվող հարցերի շարքում։

Երաժիշտ Էմմա Պետրոսյանն ասում է՝ ինքը ե՛ւ դեմ է, ե՛ւ կողմ այդ որոշմանը․ «Այսպես պարփակվել ինքներս մեզնով, մենք դրա իրավունքն այնքան էլ չունենք․․․ բայց դեմ եմ, որովհետեւ այդ գումարի դիմաց Հայաստան չի ժամանելու օպերային մեծ երգչուհի, մեծ ռեժիսոր կամ մշակութային մեծ դրսեւորում, որ կարեւոր է՝ նման օրը հնչի այդ ձայնը կամ այդ ստեղծագործությունը․․․ ես կողմ կլինեի այնպիսի անհատի Հայաստան գալուն, ում ներկայությունը մեզ համար լիներ շատ պատվաբեր, կարեւոր, եւ այդ արտիստի ներկայությունը բարձրաձայներ Հայաստանի խնդիրները կամ ձեռք մեկներ հայ աշխարհին։ Եթե այսպիսի մեկի ներկայությունը լիներ, ես կողջունեի, եւ ինձպես նաեւ շատ-շատերը, բայց այս ժամանակի, այս իրականության մեջ մեր խնդիրներն այնքան շատ են, որ մենք խեղդվում ենք մեր խնդիրների մեջ, ու հիմա ծախսել գումարներ եւ բերել ինչ-որ անհատի, առանց որի էլ մենք շատ լավ ապրում ենք․․․ լավ ենք ապրում, թե վատ, պայքարով ենք ապրում, թե ոչ՝ այլ հարց է, բայց հանգիստ ապրում ենք առանց նրա ներկայության։ Եվ վերջապես՝ մենք ունենք այնքան բավարար արտիստներ, որ իրենց ներկայությամբ իրենց տուրքը կմատուցեին, ինչպես տարիներ շարունակ արել են՝ երգել, բեմադրվել, խաղացել։ Այսինքն՝ մենք ունենք կարող ուժեր, որոնց միջոցով ներկայացրել ենք մեր տոնը, ուրախությունը, ամեն ինչը»։

Երգչուհին ընդգծում է՝ այդ գումարն այս պահին այնքան անհրաժեշտ է մեր զինվորներին, որ բոլորս մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք այդ ուղղությամբ․ «Լինել զինվորի կողքին եւ մեր գումարները ծախսել շատ ավելի կարեւոր բաների համար, էլ չասեմ հաշմանդամություն ունեցող զինվորների բուժման մասին։ Սա իմ կարծիքն է, գուցե շատերն ասեն՝ ինչո՞ւ ես այդպես ասում, այդ մարդն ի՞նչ մեղավոր է մեր խնդիրների մեջ․․․, իհարկե, ի՞նչ մեղավոր է նա մեր խնդիրների մեջ, բայց այդ մարդու ներկայությունն ի՞նչ է մեզ տալու՝ մենք միավորվո՞ւմ ենք սրանից, մեր լինելիությունն ավելի՞ է կարեւորվում, մեր տեսա՞կն է ավելի ընդգծվում․․․ Կարծում եմ՝ ոչ մի բանը, իսկ եթե ոչ մի բանը, ուրեմն այս պահին հեչ պետք չէ այդ մարդուն բերել, ողջունել, ծափահարել, ցույց տալ, որ մենք ինչ լավն ենք, ինչ հյուրասեր ենք ու աշխարհին դիմավորում ենք ծափողջույններով։ Այո, էլի դիմավորում ենք, բայց այս պահին՝ չէ, էլի, նա այդ մեծության արտիստը չէ, որը մեր կողքին պետք է լինի այդ օրը ու մի բան էլ ինքը հոգ տանի մեր զինվորների ու մեր խնդիրների հետ կապված։ Կարծում եմ՝ չի գտնվի մի քաղաքացի, ով կասի՝ վայ, ինչ լավ է․․․, վստահ եմ՝ ինձ նման շատ-շատերն են մտածում․ մեր Արցախ աշխարհը շրջափակված, շնչահեղձ է լինում, ինչքանո՞վ է տրամաբանական այն ամենը, ինչ կատարվում է, բա մենք ո՞վ ենք այսքանից հետո»։

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի համար էական չէ` կառավարությունը 23 մլն է հատկացնելու, թե 6 մլն, խնդիրն այն է, թե ինչու է ընդհանրապես կառավարությունը գումար հատկացնելու թմրամոլի հեղինակությամբ աստղին Հայաստան բերելու համար. «Ինչո՞ւ պետք է մեր բյուջեից գումար տրվի նման թմրամոլների համար… պատերազմից առաջ մի հատ «Ուրվական» փառատոն եղավ, որն էլի կապ չուներ մեր ազգի հետ, դրանից հետո Նոր տարվա գիշերը Բրեգովիչին բերեցին ու գնչուական երաժշտություն հնչեցրին` էլի բյուջեից ահռելի գումարներ հատկացնելով։ Հաջորդ Նոր տարվա գիշերը Հ1-ը մուղամով դիմավորեց ու շնորհավորեց բոլորիս` մինչեւ վերջ թաքցնելով, թե ով էր հրաման տվել մուղամով դիմավորել Նոր տարին: Հիմա նորից թաքցնում են ու չեն ասում` ով է այդ անաս․․․ը, որ որոշել է ռեփեր բերի Հայաստան ու բյուջեից էլ փող ծախսի դրա համար: Նախաձեռնողի անունը չեն տալիս, գաղտնի են պահում, իսկ մի բան եթե գաղտնիք է, սկսում ես մտածել, որ ինչ-որ գործակալ է Հայաստանում աշխատում…: Ու դա՝ այն ժամանակ, երբ այսպիսի վիճակում ենք` Արցախը շրջափակված, պատերազմական իրավիճակ, բայց թմրամոլների եք բերում Հայաստան` մեր ազգային երաժշտությունն արհամարհելով: Փորձեք Կոմիտասի համար բյուջեից ինչ-որ գումար ուզել` կոպեկներ կհատկացնեն, բայց մի հատ ռեփեր բերելու համար այնքան փող կծախսեն, որ սովետական շրջանից մինչեւ այսօր Արամ Խաչատրյանի ու Կոմիտասի համար չեն ծախսել։ Հարց է առաջանում` ինչո՞ւ, ինչո՞ւ եք Կոմիտասին կոնտրոլի տակ պահում, իսկ թմրամոլ ռեփերի առաջ կանաչ լույս վառում»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031