Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավաճանը հերդ ու մերդ են, համբա՛լ». Խաչատուր Սուքիասյանը տհաճ միջադեպի մեջ ընկավ Հյուսիսային պողոտայում

Օգոստոս 15,2023 11:02

Երեկ Հյուսիսային պողոտայում միջադեպ եղավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մասնակցությամբ:

ԱԺԲ-ի անդամները Հյուսիսային պողոտայում ծանուցում էին քաղաքացիներին, որ օգոստոսի 17-ին Ազատության հրապարակում մասնակցեն հանրահավաքի: Այդ հատվածով իր շքախմբով անցնում էր Խաչատուր Սուքիասյանը:

ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը, տեսնելով պատգամավորին, բարեւեց նրան ու հորդորեց գալ հանրահավաքի՝ ազատվելու Նիկոլ Փաշինյանի «ազգային դավաճան եւ խաբեբա» կառավարությունից, ստեղծելու ժամանակավոր կառավարություն, փրկելու Արցախի 120 հազար հայությանը: Նա հարցրեց՝ պատրա՞ստ եք բանավիճել այն հարցի շուրջ, որ միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելով կարող ենք Արցախի շրջափակումից ազատվել:

Սուքիասյանը արձագանքեց, թե՝ նախ պետք է հասկանալ՝ ի՞նչ կրթություն ունեն, որ փորձում են ՀՀ վարչապետին, նախագահին, դիվանագիտական հարթակին այդպես ներկայացնել:

Կողքից քաղաքացիներից մեկը բղավեց. «Դավաճա՛ն»: Սուքիասյանը բարկացավ. «Դավաճանը հերդ ու մերդ են, համբա՛լ»:

Սուքիասյանի հետ քայլում էր «Արարատնյուզի» խմբագիր Հարություն Մկրտչյանը, որը հունից դուրս եկավ եւ սեռական հայհոյանք ուղղեց Սուքիասյանին «դավաճան» անվանողներին: Սկսեց վիճաբանություն, թե ո՞րն է ավելի մեծ վիրավորանք՝ դավաճա՞նը, թե՞ սեռական հայհոյանքը: Սուքիասյանը բացատրեց, որ Հարություն Մկրտչյանը լրագրող է, իր թիկնապահը չէ: Երբ մի կին սկսեց հակադարձել, թե ձեզ հետ էր քայլում, ո՞նց կարող եք թույլ տալ, որ կնոջը հայհոյի, նա արձագանքեց. «Լսե՛ք, ինձ հետ կարող եք դուք էլ քայլեք, հանգի՛ստ: Դուք կրթությամբ ո՞վ եք»: Պարզվեց՝ Արմինե ներկայացած կինը մանկավարժ էր: Խաչատուր Սուքիասյանը հորդորեց. «Մանկավարժ եք՝ գնացեք երեխա դաստիարակեք»: Սուքիասյանը ձայնը բարձրացրեց, երբ կինը հակադարձ հարցն ուղղեց՝ իսկ դո՞ւք ինչ պետք է անեք: Նա սկսեց գոռալ. «Ես էլ պետք է տնտեսություն զարգացնեմ, որ քո նմանները աշխատավարձ ստանան: Ուրեմն դուք, երբ որ կդառնաք քաղաքական գործիչ, մտահոգ կլինեք երկրի վարչապետի նման, նոր կխոսեք: Էս 7 ժամ է՝ բղավում եք, ի՞նչ եք ուզում մեզնից»:

Ցուցարարները բացատրեցին, որ քաղաքական գործիչը պետք է սառնասիրտ լինի, որովհետեւ նրանց կայացրած որոշումները թանկ են արժենում քաղաքացիների համար: Սուքիասյանն ասաց,որ քաղաքականությամբ, իհարկե, կարող են զբաղվել բոլոր քաղաքացիները, բայց նրանք, ովքեր փորձ են ունենում, այդ թվում՝ միջազգային, ունենում են դիվանագիտական հմտություններ եւ տնտեսական հնարավորությունների մասին գիտելիքներ են ունենում. «Կարող է դուք մասնագետ եք ինչ-որ ուղղությամբ, բայց երբ որ խոսքը գնում է ՀՀ անվտանգության մասին, քաղաքական համակարգի մասին, դիվանագիտական հարաբերությունների մասին, կներեք, ես ձեզ ու շատերին չեմ վստահում»:

Ցուցարարները հորդորում էին Սուքիասյանին մնալ Հյուսիսային պողոտայում եւ բանավիճել իրենց հետ, պատասխանել իրենց հարցերին: Նա արձագանքեց. «Քաղաքական գործիչ եմ, ուրեմն ինչ ասեք, պետք է անե՞մ, այ քեզ բան: Ես քանի անգամ է՝ քայլում եմ, հլը դուք այստեղ խոսում եք: Լավ եք անում, հենց սա էն ազատությունն է, որը մենք ուզել ենք: Խոսեք, արտահայտվեք»,- ասաց պատգամավորը եւ քանի որ կողքից էլի գոռում էին «դավաճան» ու հունից հանում, հեռացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Հետաքրքիր է, որ դարակազմիկ արտահայտությունն անելուց առաջ և հետո գործարար-պատգամավորը զրուցակիցներից նրբանկատորեն հարցնում է նրանց կրթության մասին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031