Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրը, անկեղծ ասած, Նիկոլի պարտվելն է Երևանում, ոչ թե մեր հաղթանակը». Սամվել Նիկոյան. «Հրապարակ»

Օգոստոս 15,2023 10:29

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանն է։

Պարոն Նիկոյան, Հանրապետական կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցում։ Խոսքը երկրի մայրաքաղաքի ՏԻՄ ընտրությունների մասին է, որտեղ 1,5 մլն մարդ է ապրում։ Ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ-ն որոշեց չմասնակցել։

– Մի քանի գործոն կա, որոնք կարող են ազդել որեւէ կուսակցության վարքագծի վրա՝ առաջադրվելու կամ չառաջադրվելու հարցում, կամ մասնակցել-չմասնակցելու․ զուտ մասնակցության առումով կամ որոշակի թվով ավագանու անդամներ ունենալը ՀՀԿ-ի համար որեւէ խնդիր չի լուծում, որեւէ նշանակություն չունի։ Եթե Դուք ուշադիր եք, ապա մեր ամբողջ ուշադրությունն այս տարիների ընթացքում սեւեռված է մեր սահմանների եւ Արցախի հիմնախնդրի ուղղությամբ, մեր ամբողջ էներգիան գնում է այնտեղ։ Հիմա, ենթադրենք՝ մենք մասնակցեցինք եւ ունեցանք որոշակի թվով ավագանու անդամներ, դա ի՞նչ կտա պետությանը, ի՞նչ կտա Արցախին եւ ի՞նչ կտա մեզ․ ոչինչ։

Բայց գուցե հաղթեիք, ու քաղաքապետը լիներ հանրապետական։

– Դուք այդ կարծիքի՞ն եք։

Հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ-ն Երեւանում ցածր վարկանիշ ունի, ՀՀԿ-ն այս իրավիճակում՝ որպես արմատական ընդդիմություն, գուցե կարողանար շատ ձայն հավաքել։

– Գիտեք՝ այսօր բավականին շատ թեկնածուներ կան, եւ կարելի է մտածել, որ բավականին պայքարող եւ բավականին շանսեր ունեցող մարդիկ կան։ Այդ առումով նորից եմ ասում՝ մեր խնդիրը, ընդհանուր առմամբ, ՏԻՄ-երում ինչ-որ պատերազմներ տալ, ասել, որ այս մի գյուղապետը մերն է, այս մի փոքր քաղաքը կամ Երեւան քաղաքը մերն է, դա չէ։ Ի վերջո, սա ՏԻՄ մարմին է, սա պետական մարմին չէ, իր խնդիրը լուսավորությունը, սանիտարական վիճակը, աղբահանությունը, կանաչապատումն է եւ այլ խնդիրներ լուծելն է, այն քաղաքական մարմին չէ, իսկ այսօր մեր պետության առջեւ ծառացած բոլոր խնդիրները քաղաքական են կամ ռազմաքաղաքական են։ Կարծում ենք՝ անիմաստ է մեր էներգիան այդ դաշտ մտցնելը։

Բայց եթե ՀՀԿ-ն մասնակցեր ու շատ ձայներ հավաքեր, ապա դա ցուցիչ կդառնար, որ մայրաքաղաքում մարդկանց մեծ մասն ընդդիմադիր հայացքներ ունի եւ դեմ է գործող իշխանությանը, այսինքն՝ ընտրությունները լակմուսի թուղթ կդառնային։

– Բան չունեմ ասելու, Ձեր ասածի մեջ կա տրամաբանություն, որովհետեւ անցած պառլամենտական ընտրությունների ժամանակ Նիկոլը Երեւան քաղաքում կարծեմ 48 տոկոս քվե է ստացել, իսկ 65-70-ը մարզերի հաշվին է տարել, այսինքն՝ ինքը 50-ից պակաս է եղել դեռեւս այն ժամանակ Երեւան քաղաքում, որովհետեւ Երեւանն այլ է, գյուղերն այլ են, էլեկտորատի մտածելակերպը տարբեր է, մոտեցումներն ու պահանջներն այլ են։ Կարծում եմ, որ կան թեկնածուներ, որոնք կարող են Նիկոլի դեմ նորմալ պայքարի մեջ մտնել եւ նորմալ, լարված պայքար տանել։ Իմ կարծիքով՝ շատ հնարավոր է, որ Նիկոլը Երեւանում պարտվի։ Մեր խնդիրը, անկեղծ ասած, Նիկոլի պարտվելն է Երեւանում, ոչ թե մեր հաղթանակը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031