Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեպտեմբերի 17-ն այն օրն է լինելու, երբ երևանցիներն այդ ամենին պատասխան են տալու իրենց ընտրության միջոցով»․ Մանե Թանդիլյանը՝ Տիգրան Ավինյանի հայտարարության առիթով

Օգոստոս 14,2023 23:10

«Մենք նշել ենք մեր կարմիր գծերը և ասել, որ ՔՊ կուսակցության հետ որևէ համագործակցություն բացառում ենք»,-«Ի՞նչ անել, որ Երևանում բացառվեն Սուրմալուի նման դեպքերն ու նման ծանր հետևանքներով աղետները և ինչպես ունենալ դիմակայուն քաղաք» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կոալիցիա կկազմե՞ք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերի հետ։

Մանե Թանդիլյանն ասաց՝ բացառում ենք նախկին բարքերի վերադարձ կառավարման միջավայր։ Նա համարում է, որ 14 ուժերի մեջ կան այնպիսիք, որոնց հետ կարող են համագործակցել․ «Մենք իրավունք չունենք, մեզ նման ճոխություն չենք կարող թույլ տալ ընդհանրապես կորցնել ներուժ անկախ արդյունքներից։ Մենք պատրաստ ենք լինելու այն մարդկանց ներուժը կիրառել, որոնք ասելիք ու անելիք ունեն մեր համայնքի, Երևանի կառավարման մեջ»։

Aravot.am-ը Մանե Թանդիլյանին հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Սուրմալու այցելելիս էր, որ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ եկել է՝ որպես ՔՊ կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու, Մանե Թանդիլյանն արձագանքեց․ «Ես ոչինչ, որ հիշում եմ, դա հիշում են երևանցիները։ Երբ դու աղետի ֆոնին անում ես հայտարարություններ, քայլեր, դրանք ուղղակի ոչ մի ողջամիտ մարդու գլխում չեն տեղավորվում։ Համոզված եմ, որ սեպտեմբերի 17-ն այն օրն է լինելու, երբ երևանցիներն այդ ամենին պատասխան են տալու իրենց ընտրության միջոցով»։

Մանե Թանդիլյանը հաջողություն մաղթեց բոլոր ուժերին և ասաց՝ հուսով է՝ հնարավորություն են տալու երևանցուն, որ ընտրի լավերի, լավագույնների մեջ, քան թե լավին ու վատին։ Նա կարևորեց, որ բախումները տեղի ունենան ծրագրերի գաղափարների շուրջ․ «Եթե երևանցիներն իրավամբ տիրապետեն այն ծրագրերին ու տեղեկատվությանը, ինչ մենք մեր մեջ կրում ենք, նրանք այլ ընտրություն չեն ունենալու, քան աջակցել «Ապրելու երկիր» կուսակցությանը։

Մեր դիտարկմանը՝ կարծես հարցումները ցույց են տալիս, որ երևանցիներից շատերը կցանկանային տեսնել կին քաղաքապետ և հարցին՝ օրինակ, դիմակայունության խնդիրներն ավելի շատ կնոջ հոգատարությա՞ն կարիք ունեն, թե՞ ավելի կտրուկ ուժի, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Խորապես համոզված եմ, որ գիտակից մարդը տարբերություն չի դնելու սեռի միջև։ Կառավարումը, կազմակերպելու կարողությունը և հմտությունը սեռ չի ճանաչում․․․Երբ ես ասացի, որ քունս կորցրել եմ՝ իմանալով, որ Երևանում ութսուն տոկոս շենքերը կարող են ավերվել, եթե Սպիտակի երկրաշարժի ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունենա, սրանք ինձ համար խոսքեր չեն։ Ես պատկերացում եմ, որ պատասխանատուները, որ այսօր տարբեր տեղերում նստած են՝ մեկ, երկու, երեք, այս գիտակցմամբ կարողանում են քնել, արթնանալ ու չանել այս ուղղությամբ ոչինչ, սա ինձ համար անընդունելի է։ Կուզեք՝ սա անվանեք կանացի հոգատարություն, մայրական հոգատարություն, թե ողջամտություն, ինձ համար միևնույն է, բայց այս խնդիրները հապաղելու տեղ չեն թողնում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031