Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Իրականում Ադրբեջանը լուրջ ագրեսիա է նախապատրաստում. Արմեն Բաղդասարյան

Օգոստոս 14,2023 22:44

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը (լուսանկարում) Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարությունը, թե «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին…» չի համարում հերթական սադրիչ ապատեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նաեւ ասվում էր, թե «Հայաստանի նման գործողությունները ցույց են տալիս, որ Երևանը չի դադարեցրել իր տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը տարբերվում է «տեղում» գործողություններից։ Ելնելով դրանից՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով»:

«Հերթականը չեմ անվանի, որովհետեւ չեմ հիշում, որ Ադրբեջանը այդ հռետորաբանությամբ խոսեր: Սովորաբար, նրանք խոսում էին սադրանքների մասին, հիմա խոսում են լայնամասշտաբ, մեծաթիվ տեխնիկայի մասին: Որպես կանոն՝ Ադրբեջանը նման հայտարարություններ անում է՝ նախապատրաստելով իր ագրեսիվ գործողությունները: Հիմա, փաստորեն, կարծես թե դրա մասշտաբները մեծացել են, ինչը նշանակում է, որ մեծացել է նաեւ Ադրբեջանի կողմից հավանական մասշտաբային ագրեսիայի հավանականությունը: Ընդ որում՝ դա ենթադրելի էր, որովհետեւ Արցախի շրջափակման շուրջ միջազգային արձագանքներն ու ճնշումները գնալով ակտիվանում են, եւ Ադրբեջանը հասկանում է, որ այսպես երկար շարունակել չի կարող եւ ինչ-որ կերպ այս իրավիճակից պետք է դուրս գա: 2 տարբերակ կա. առաջինը՝ բացել ճանապարհը, ինչին Ադրբեջանը կտրականապես դեմ է եւ երկրորդ տարբերակը՝ լայնամասշտաբ բախումներ, նոր պատերազմ հրահրել, որ այդ աղմուկի տակ կարողանան ավարտին հասցնել Արցախի հայաթափման իրենց ծրագիրը: Ադրբեջանի ԱԳՆ-ի այս հայտարարությունը չի կարելի համարել հերթական ապատեղեկատվություն, սրան պետք է ավելի լուրջ վերաբերվել ու համապատասխան արձագանք տալ՝ ոչ միայն հերքման տեսքով, գուցե միջազգային կառույցներին հրավիրելով սահմանամերձ գոտի, ցույց տալու տեղում, որ իրականում նման բան չկա ու ցույց տալ, որ իրականում Ադրբեջանը լուրջ ագրեսիա է նախապատրաստում»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետը:

Մեր զրուցակցի տպավորությամբ՝ քանի որ Ադրբեջանն արդեն տեսնում է, որ չի կարող բանակցությունների միջոցով ուղղակիորեն Սյունիքով միջանցք ստանալ, անցել է պլան B-ին. «Որն իմ պատկերացմամբ՝ հետեւյալն է: Էթնիկ զտումներ իրականացնել, Արցախը վերջնականապես հայաթափել, իսկ երկրորդ փուլում՝ հայ-ադրբեջանական բանակցություններում ավարտական փաստաթղթում ամրագրել ադրբեջանցի փախստականների վերադարձը ՀՀ տարածք՝ այդ թվում Սյունիք, Սեւանի ավազան, Արարատյան դաշտ եւ այլն: Եվ առանձին կետով ռազմատուգանքների հարց բարձրացնել Հայաստանի նկատմամբ, որոնց փոխարեն, եթե Հայաստանը չկարողանա վճարել, նրանք կարող են պահանջել, օրինակ՝ Հայաստանից տարածքների վարձակալում, հանքավայրերի շահագործման իրավունք ինչ-որ ժամկետներով եւ այլն: Այդ ճանապարհով, փաստացի, Հայաստանի որոշ տարածքներ ամբողջովին կվերցնեն իրենց վերահսկողության տակ: Կարծում եմ՝ իրենց գլխում ունեն նաեւ այս պլանը, եւ հիմա հենց դա են իրականացնում:

Այս ծրագիրը նաեւ Նիկոլ Փաշինյանի ասած կարմիր գծերից որեւէ մեկը չի հատում: Որովհետեւ Փաշինյանն ասում է՝ մեր կարմիր գիծը ՀՀ 29.8000 քմ ինքնիշխան տարածքն է, բայց եթե այդ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիներ բնակվեն, եթե ռազմատուգանքների դիմաց ինչ-որ ժամկետներով այդ տարածքները վարձակալության հանձնեն, Ադրբեջանը փաստացի ՀՀ-ից տարածքներ կպոկի, բայց թղթի վրա կմնա Հայաստան: Նիկոլ Փաշինյանն էլ կասի՝ ես իմ ասած կարմիր գծերը պահել եմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031