«Չի կարելի մարդկանցից թաքցնել ճշմարտությունը։ Եթե Աստված չանի՝ տեղի ունենա հաշվարկային երկրաշարժ Երևանի տարածքում, իսկ այստեղ ապրում է ազգաբնակչության մոտ 42 տոկոսը, ապա մենք կկորցնենք շենքերի 80 տոկոսը։ Խորհրդային տարիներին կառուցված, ինչու ոչ՝ հիմա էլ կառուցվող շենքերը՝ դրանց 80 տոկոսն ուղղակի կփլուզվի և միանգամից կմահանա 300 հազար մարդ»,- «Ի՞նչ անել, որ Երևանում բացառվեն Սուրմալուի նման դեպքերն ու նման ծանր հետևանքներով աղետները և ինչպես ունենալ դիմակայուն քաղաք» թեմայով քննարկման ժամանակ ահազանգեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանը։
Նա նշեց՝ հաճախ ասում են, որ խնդիրների մասին խոսելը խուճապ է առաջացնում ու նկատեց․ «Մինչդեռ խուճապ առաջանում է նրանց մոտ, որոնք նստած են կառավարական աթոռներին և ասում են՝ սուս մնա, մի խոսիր դրա մասին»։
Միքայել Մելքումյանն ասաց, որ այս ամենը դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր․ «Այս աղետից հետո մեր ազգը ոչ թե ոտքի կկանգնի, այլ ծնկի անգամ չի կարող կանգնել։ Մենք պետք է իմանանք, թե ինչ շենքերում ենք ապրում և իմանանք, թե մեզ ինչ է սպասվում»։
Ակադեմիկոսը նաև ահազանգեց՝ ներկայումս կառուցվող նորակառույցներից շատերը ևս սեյսմակայուն չեն․ «Արի ու տես՝ հիմա կառուցում են շենքեր, և անընդհատ փորձում են ժողովրդին համոզել, որ դրանք սեյսմակայուն են։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ այդ նորակառույց շենքերը բոլորովին սեյսմակայուն չեն»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ