Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ազատություն քաղբանտարկյալներին շարժումը» հաշվել է՝ անցած երեք ամսում Ալիևի վարչակազմն ազատազրկել է ևս 34 մարդու՝ քաղաքական հայացքների համար

Օգոստոս 14,2023 20:56

«Ազատություն»․ Ադրբեջանի ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժերից մեկը՝ «Ժողովրդական ճակատը», միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակազմի դեմ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։

«Ալիևի ռեժիմը համառորեն ցանկանում է Ադրբեջանը դարձնել Հյուսիսային Կորեա», – հայտարարել է ընդդիմադիր ուժը, ընդգծելով, որ վարչակազմը վերջին շրջանում ավելի է սաստկացրել ճնշումները այլախոհների նկատմամբ։

Ձերբակալվում են ոչ միայն քաղաքական գործիչներն ու լրագրողները, այլև շարքային մարդիկ, որոնք համարձակվում են բողոքի ձայն բարձրացնել։

Շաբաթներ առաջ, օրինակ, ադրբեջանցի տասնյակ առաքիչներ մոտոցիկլետներով բոյկոտի էին դուրս եկել Բաքվի կենտրոնում` պնդելով, թե ոստիկանությունը տուգանում է իրենց ամեն քայլափոխի, իսկ օրենքը աշխատանքային իրավունքները չի պաշտպանում։ Ցույցի հաջորդ օրն իսկ երիտասարդները հայտնվել են բանտում։ Օրհան Զեյնալովին այդ օրը հաջողվել էր դուրս պրծնել ոստիկանների տեսադաշտից, երիտասարդը բայց վստահ չէ՝ որքան երկար դեռ կկարողանա ազատության մեջ մնալ։

«Հեռվից տեսա՝ ինչպես են երկու ոստիկան շարժվում իմ ուղղությամբ, հասկացա, որ հետևիցս են ընկել, սկսեցի վազել։ Սլանում էի խելագարի նման, հետո մի թաքստոց գտա, մնացի մինչև գիշերվա 3-ը», – պատմել է Զեյնալովը:

Մյուս ցուցարարներն արդեն ճաղերի ետևում են․ մեկը ազատազրկվել է 4 ամսով՝ թմրամիջոցներ պահելու, մյուսը՝ 30 օրով՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու գործով։

Այս մեղադրանքները, սակայն, մանկական խաղ են թվում Զիյաֆետ Աբասովայի պատմության կողքին։ 51-ամյա տիկինն ամիսներ առաջ ուղղակի անհետացել էր, հետո հարազատները գտել էին նրան հոգեբուժարանում։

Իշխանության հասցեին կոշտ քննադատությամբ հայտնի Աբասովան մինչ այդ կառավարության շենքի մոտ՝ հերթական ցույցի ժամանակ հայտարարել էր՝ Ալիևների վարչակազմը ժողովրդից թալանածը շռայլում է ցոփ ու շվայտ կյանքի ու առաջին տիկնոջ արհեստական շրթունքների վրա։

«Գող ու ավազակ կառավարությունը խլել է իմ 8 տարվա թոշակը և թույլ չի տալիս հիմա ինձ աշխատել։ Սրանք մկան նման թալանում են, խլում իմ բոլոր իրավունքները։ Ես էլ եմ ուզում գումար վաստակել, ամսվա վերջին էլ սիլիկոնից շրթունքներ ունենալ՝ առաջին տիկնոջ նման։ Չէ՞ որ նա օրինակ է բոլորիս համար», – ասել էր կինը:

Այս հայտարարությունից հետո իրավապահները նրան նախ ոստիկանություն էին տարել, հետո՝ հոգեբուժարան՝ առանց դատարանի որոշման կամ բժշկական ցուցման:

«Նրանք ուղղակի Իլհամ Ալիևի հրամանն էին կատարում, երբ ուժով նստեցրին մեքենան, արդեն գիտեի՝ իմ խոսքերն են պատճառը», – նշել է Աբասովան:

Տիկնոջն ազատ էին արձակել շաբաթներ անց՝ հարկադիր բուժումներից հետո միայն։

«Իլհամ Ալիևի ռեժիմը, որը հայտնի է ավտորիտարիզմով և բռնապետական սովորություններով, սպառնալիք է համարում ցանկացած կազմակերպություն և բողոքի ցույց, որն իր վերահսկողությունից դուրս է», – այսօր հայտարարել է «Ժողովրդական ճակատը»։

«Ազատություն քաղբանտարկյալներին շարժումը» հաշվել է՝ անցած երեք ամսում Ալիևի վարչակազմն ազատազրկել է ևս 34 մարդու՝ քաղաքական հայացքների համար։ Ըստ կազմակերպության վերջին հաշվարկների, այժմ Ադրբեջանում առնվազն 204 քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, ով, ըստ իրավապաշտպանների, լրջագույն առողջական խնդիրներ ունի ու չնայած միջազգային հորդորներին՝ շարունակու է մնալ բանտում և անգամ համարժեք բժշկական օգնություն չի ստանում։

«Սա վերջին արարն է միայն տևական բռնաճնշումների, որ ավազակապետությունը բանեցնում է ցանկացածի մեկի դեմ, ով հանդգնում է խոսել տարրական իրավունքներից ու քննադատել Ադրբեջանի իշխանություններին», – The Washington Post-ում գրել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, հավելելով՝ ժամանակն է խոսքից անցնել գործի և պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։

«Մենք արել ենք սա ռուս պաշտոնյաների դեպքում, Ադրբեջանի իշխանությունը, մինչդեռ, ամենաթողություն է վայելում։ Միացյալ Նահանգները պարտավոր է առաջնորդություն ստանձնել մարդու իրավունքների շարունակական խախտումների համար պատասխանատվության կանչելու գործում», – ընդգծել է Ադրբեջանում Ամերիկայի նախկին դեսպանը։

Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031