Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ակտիվությունն առաջնագծում նաեւ որոշակի շարժերով է դրսեւորվում. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 14,2023 20:45

«Բացի տեղեկատվական ակտիվությունից, առաջնագծի որոշակի ուղղություններով կա ադրբեջանական ակտիվություն. դա դրսեւորվում է ոչ միայն հրադադարի ռեժիմի որոշակի ծավալի աճով, այլ նաեւ որոշակի շարժերով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ադրբեջանական ակտիվությունը դրսեւորվելու երկու հանգամանք է նկատում բանախոսը. առաջինն այն է, որ ՀՀ-ն դիմել էր ՄԱԿ-ի ԱԽ-ին, Արցախում իրավիճակը քննարկման դնելու համար: Այդ դիմումն, ըստ Տիգրան Աբրահամյանի, ադրբեջանական իշխանական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում ակտիվ քննարկվեց, մասնավորաբար, այդ քայլը որակելով իբրեւ բանակցային գործընթացի տորպեդահարում, անգամ բանակցություններից Հայաստանի դուրս գալ:

Հաջորդ հանգամանքը Արցախում ստեղծված իրավիճակն է. ըստ ընդդիմադիր պատգամավորի, ադրբեջանական ակնկալիքները ակնհայտորեն չեն բավարարվում եւ անմարդկային պայմանները չեն հանգեցնում հանձնվելու համար իրենց ցանկալի նախադրյալներին՝ անկախ միջազգային հանրության դիրքորոշումներից, ՀՀ իշխանությունների՝ Ադրբեջանի առջեւ վառած կանաչ լույսից, մարդիկ սկզբունքային պահում են իրենց դիրքորոշումները:

Տիգրան Աբրահամյանի կարծիքով, նաեւ ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացն է խնդիրների առջեւ կանգնել՝ պայմանավորված ադրբեջանական առավելապաշտությամբ, ինչը նաեւ ՀՀ իշխանությանն է սկսել վախեցնել, քանի որ իրենց կողմից մեծաքանակ զիջումները կարող են Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխել եւ հանգեցնել իշխանափոխության, իսկ այս իշխանության համար, իշխանությունն առավելագույն արժեք է:

Ընդդիմադիր պատգամավորը չի ցանկանում գուժել նոր էսկալացիայի մասին, բայց մեկ-երկու ամսվա կտրվածքով, նա լարվածության աճ է նկատում:

Իսկ Կոռնիձորի հատվածում հումանիտար բեռի կուտակումը եւ տարբեր դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներին այդտեղ տանելը Տիգրան Աբրահամյանը համարում է ՀՀ իշխանության վատ աշխատանքի արդյունք, քանի որ Արցախի շրջափակման 7 ամիսների ընթացքում չեն կարողացել բավարար աշխատանք տանել, ուստի այս կերպ են փորձում իրենց բաց թողածը լրացնել: Իր գնահատմամբ, Ադրբեջանը վերջին ամիսներին նաեւ ԱԹՍ-ների միջոցով նկարահանում էր ՊԲ-ի հերթափոխերը՝ դա ներկայացնելով իբրեւ ՀՀ ԶՈՒ շարժեր, մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո, Արցախում ՀՀ ԶՈՒ չկան եւ եթե ՀՀ իշխանությունը յոթ ամիսների ընթացքում այդ պարզ ճշմարտությունը չէր կարողացել համապատասխան ատյաններ հասցնել ու դա փորձում է անել Կոռնիձորի հատվածում հումանիտար բեռի կուտակման պատրվակով, դարձյալ խոսում է այս իշխանության վատ աշխատանքի մասին:

Թե ի՞նչ ԱԹՍ-ներով են ադրբեջանցիները նկարահանումներ անում, դրանք Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի՞ն են պատկանում, թե՞ Ադրբեջանի ԶՈւ-ին պատկանող են եւ ի՞նչ գործառույթ ունեն, Տիգրան Աբրահամյանը դժվարացավ ասել: Միայն հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո, պարզվեց, որ Ադրբեջանն առաջնագծում մոնիտորինգ է իրականացրել նաեւ հարվածային ԱԹՍ-ներով, ինչը խիստ վտանգավոր էր:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031