Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպես էլ ապրում ենք անվտանգության տարրական երաշխիքներից զուրկ»․ Մանե Թանդիլյանը՝ վերջին շրջանում տեղի ունեցած աղետների մասին

Օգոստոս 14,2023 20:22

«Այսպես էլ ապրում ենք անվտանգության տարրական երաշխիքներից զուրկ»,- «Ի՞նչ անել, որ Երևանում բացառվեն Սուրմալուի նման դեպքերն ու նման ծանր հետևանքներով աղետները և ինչպես ունենալ դիմակայուն քաղաք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Նա հիշեցրեց՝ այսօր լրանում է Սուրմալուի աղետի տարելիցը․ «Մենք կորցրեցինք 16 մեր հայրենակիցների, ունենք անհետ կորածներ։ Այսօր ավտոճանապարհային պատահարի հետևանքով մենք կորցրինք 11 հայրենակիցների։ Ցավակցում եմ հարազատներին։ Երեկ քաղաքապետարանին կից այգում այրվում էր մանկական կարուսել, բարեբախտաբար զոհեր չկան։ Անցած օրը փլուզվեց պատ, որն ընկավ մետրոյի վրա։ Պարբերաբար տեղի են ունենում ավտոճանապարհային պատահարներ զոհերով»։

Ըստ Մանե Թանդիլյանի՝ աղետներն ունեն մարդածին բնույթ և մարդկային գործոնի հետևանք ենք․ «Սակայն բնական աղետները տեղի են ունենում այն դեպքում, երբ բնական վտանգները նվազեցված չեն և մարդկային խոցելիությունը շատ բարձր է»։

Մանե Թանդիլյանը վստահեցրեց՝ եթե դիմակայուն դարձնենք քաղաքները, կունենանք չեզոքացված կամ նվազեցված ռիսկեր արհավիրքների աղետների առնչությամբ․ «Մեր քաղաքը լինելու է դիմակայուն։ Ի՞նչ ենք հասկանում դիմակայուն քաղաք ասելով։ Սա այն քաղաքն է, որտեղ կանխարգելված են աղետները և վտանգները հասցվում են նվազագույնի կամ չեզոքացվում են, որտեղ տեղի չեն ունենում ապօրինի շինարարություններ, որտեղ պահպանվում են շինարարական նորմերը»։

Մանե Թանդիլյանն ասաց՝ պարտավոր ենք նախևառաջ գնահատել առկա ռիսկերը և նշեց կոնկրետ չափորոշիչներ, որոնցով պետք է շարժվել․ «Մենք պարտավոր ենք հասկանալ, որ մենք ապրում ենք սեյսմիկ գոտում և մեր մայրաքաղաք Երևանը գտնվում է սեյսմիկ գոտում։ Նախանշելու ենք 52 կատարողական հիմնական ցուցանիշներ, որոնք հնարավորություն են տալու վերահսկել և դիտարկել՝ որքանով է քաղաքը դառնում դիմակայուն։ Այն ամբողջ ռազմավարությունը վերածելու ենք փաստաթղթի և չափելի կատարողական ցուցանիշների»։

Երևանի քաղաքապետի թեկնածուն ասաց՝ մեր Երևանը լինելու է հարատև քաղաք, իսկ որպեսզի այն լինի հարատև քաղաք, պարտավոր ենք այդ ռիսկերը նվազեցնել գրագետ կառավարման միջոցով ու եզրափակեց․ «Մեզ համար մարդկային կյանքը և մեր քաղաքի անվտանգությունն առաջնահերթություն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031