«Ոչ թե պետք է անընդհատ մանտրայի նման կրկնել, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, ինձ թվում է, այս հինգ տարվա ընթացքում ինքն էլ ընդունեց դա, այդ բառի հետ արդեն հաշտ է, քանի որ կա կոնսենսուս այդ հարցի շուրջ, բոլորը համաձայն են, պետք է կենտրոնանալ գործողությունների վրա: Պետք է հասկանալ՝ բա մենք ո՞վ ենք, եթե իրենք դավաճան են: Այսինքն, ո՞վ են իրենք հարցից, պետք է գործընթացները տեղափոխել՝ ի՞նչ անենք հարցի շուրջ»,- այսօր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման նիստի ընթացքում, դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը:
Կանխատեսումներ անել, թե ե՞րբ հնարավոր կլինի իշխանության հեռացումը, Նարեկ Մալյանը ձեռնպահ է մնում, բայց իշխանության հեռացման շուրջ կոնսենսուս տեսնում է ու այդ շարքում է դիտարկում նաեւ Արամ Ա կաթողիկոսի՝ Արցախի հարցը միջազգային հարթակ բերելու թիվ մեկ հրամայականի կոչը, Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության շենքի շրջափակումը, Գերմանիայում այս պահին ընթացող ցույցերը, Սփյուռքի այլ գաղթօջախներում ընդվզումները:
Իշխանափոխության գործընթացի մեկնարկի համար Նարեկ Մալյանը կարեւոր է համարում իշխանության օրակարգից դուրս գալը եւ սեփական օրակարգը առաջ տանելը: Եթե կոնկրետ գործողությունների առաջարկներ, հստակ օրակարգեր լինեն, ինքը պատրաստ է զինվորագրվել անգամ այն ընդդիմադիրների հրամանատարությամբ, ում այս տարիների ընթացքում խիստ քննադատել է:
Անդրադառնալով Արմեն Աշոտյանի գործին էլ` Նարեկ Մալյանն ասաց, որ կանխատեսել չի կարող, թե դատարանն ի՞նչ կորոշի, միայն նկատեց, որ համակարգերին, այդ թվում նաեւ դատական համակարգին, իշխանության հրահանգով շարժվելուն այլընտրանք չի առաջարկվել, եւ երբ ընդդիմության կողմից կլինի այլընտրանքային առաջարկն ու մարդիկ կհրաժարվեն, կարելի կլինի նրանց դավաճան անվանել: Նա չի բացառում, որ լոկալ շարժումները ավելի մեծ գործընթացի վերածվեն եւ կարծում է, որ միայն այն դեպքում հանրությունից դրական ազդակ կգա, եթե հանրությանը հրապարակային՝ Ա-Ֆ, ներկայացվի այն ճանապարհային քարտեզը, որով պատրաստվում են առաջնորդեն եւ, ի սկզբանէ, հանրության համար պետք է հստակ լինի՝ ովքե՞ր են, որ փոխարինելու են գործող իշխանությանը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ