Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Բենիկ Գալստյան. «Քննչական կոմիտեն դիմել է, այսպես ասած, իրավական մի հետաքրքիր մանեւրի, որ նախկինում իմ պրակտիկայում չեմ հանդիպել»

Օգոստոս 14,2023 18:17

Փաստաբան Բենիկ Գալստյանը Հակակոռուպցիոն դատարանի առջեւ լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ, խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված վարույթի մասին, ասաց. «Քննչական կոմիտեն դիմել է, այսպես ասած, իրավական մի հետաքրքիր մանեւրի, որ նախկինում, համենայն դեպս, իմ պրակտիկայում չեմ հանդիպել: Այդ մեղադրանքի անհիմն լինելուն ես խոստանում եմ  ավելի առարկայական անդրադառնալ հետագայում, որովհետեւ դա կարող է տեւել երեք կամ չորս ժամ: Բայց դա հիմա թողնենք մի կողմ: Մեղադրանք են առաջադրում անձին, անձի նկատմամբ ընտրում են խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Բայց ոչ թե մարդասիրություն են դրսեւորում, այլ պարզապես հասկանում են, որ այդ մեղադրանքի պայմաններում մարդու կալանքը բացառված է: Դրանից հետո նստում, մտածում են, թե ինչ անեն: Հետո ինչ-որ ժամանակ անց հայտնվում են  ԱԱԾ աշխատակիցների կողմից հանձնարարության հիման վրա կատարված օպերատիվ հետախուզական գաղտնի գործողությամբ ստացված նյութեր, որոնք ՔԿ-ի կողմից մեկնաբանվում են խիստ միակողմանի»:

Փաստաբանը նշեց, որ այդ ձեռք բերված նյութերում՝ ձայնագրություններում, քննարկվում են տարբեր անձանց անուններ, որոնք այս քաղաքական իշխանության ներկայացուցիչներ են: Նա  վստահեցրեց, որ այս կերպ շարունակվելու դեպքում ինքը հրապարակային կներկայացնի այնքանով, որքանով թույլ է տալու նախաքննության գաղտնիությունը: Եվ սա դառնալու է հանցագործությունների մասին հաղորդում:

Անդրադառնալով այս պահի միջնորդությամբ ՔԿ փաստարկներին՝ Բենիկ Գալստյանն ասաց, որ դրանք նույնն են, պնդում են, որ Աշոտյանը, իբր, կարող է խոչընդոտել քննությանը:

«Անհասկանալին այն է, որ քննիչը տվյալն ստանում է մի ինչ-որ իքս ժամանակահատվածում, որ իբր Աշոտյանն այսպիսի բաներ է անում, ու այդ տվյալն իրացնում է, այսինքն, դիմում է միջոցների երեք, չորս կամ երկու ամիս հետո: Այսինքն, որպես քննիչ տեսնում է, որ խոչընդոտում է, ապացուցման գործընթացի վրա ազդեցություն է գործադրում՝ երեք ամիս ոչինչ չի անում, ու հանկարծ որոշում են տանել կալանքի:

Այստեղ կա երեք տարբերակ: Առաջին: Քննիչը ոչ պրոֆեսիոնալ է եւ անձեռնահաս, ինչը ես միանգամից բացառում եմ, որովհետեւ քննիչը պրոֆեսիոնալ, գերպրոֆեսիոնալ անձնավորություն է: Սա ամենայն ազնվությամբ եմ ասում: Երկրորդ տարբերակ: Քննիչը գործում է Աշոտյանի հետ հանցավոր համաձայնությամբ. թող գնա, խոչընդոտի, ինչը եւս  բացառում ենք, այդպիսի բան չկա: Եվ երրորդը. մնում է մի հանգամանք: Քննիչը հասկանում է այն, ինչը ես ասում եմ: Այսինքն, այստեղ բան չկա»:

Բենիկ Գալստյանի համոզմամբ այս գործը մշտապես պետք է լինի հրապարակայնության տիրույթում եւ ինքը դրա համար անելու է ամեն բան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031