Անկարան «ուշադրությամբ» հետևում է Լաչինի ճանապարհի վերաբերյալ բանավեճերին, հասկանում է Ադրբեջանի «օրինական մտահոգությունները» և ակնկալում է, որ Հայաստանը կխուսափի «սադրիչ քայլերից»: Նման հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:
«Թուրքիան ուշադրությամբ հետևում է Լաչինի ճանապարհի շուրջ տևական բանավեճերին և հասկանում է այդ հարցի վերաբերյալ Ադրբեջանի օրինական մտահոգությունները,- ասվում է հայտարարության մեջ: – Ցավոք, այդ մտահոգությունները, որոնք Ադրբեջանը երկար ժամանակ բարձրաձայնում էր, հաշվի չեն առնվել, և արդյունքում Ադրբեջանը ձեռնարկել է այն միջոցները, որոնք նպատակահարմար է համարում իր ինքնիշխան իրավունքների շրջանակում»։
Հայատրարության մեջ նշվում է, որ Լաչինի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունները արդարացված չեն, քանի որ Բաքուն «բարեխղճորեն առավելագույն ջանքեր է գործադրում հումանիտար նկատառումներով»:
«Հայաստանից մեր ակնկալիքն է՝ խուսափել սադրիչ քայլերից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, աջակցել «Ագդամ-Խանքենդի»-ի (Աղդամ- Ստեփանակերտ-խմբ.) և այլ այլընտրանքային ուղիների օգտագործմանը՝ Ղարաբաղում հայ բնակչության կարիքները բավարարելու համար, ինչպես նաև աջակցել Ադրբեջանի հայ բնակչության վերաինտեգրման ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Դրանում նաև նշվում է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար պետք է «աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և մարդասիրական ջանքերին և խուսափել իրավիճակը սրող գործողություններից»։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ