Լրահոս
Օրվա լրահոսը

Վիվա-ՄՏՍ. Էկոլոգիական գիտակցության ձևավորում՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով

Օգոստոս 14,2023 17:40

Պաշտպանելով բնությունը՝ պաշտպանում ենք մեզ: Թերևս նման կարգախոսով կարելի է բնութագրել «էլեկտրական հովիվներով» ֆերմերներին աջակցելու ծրագիրը, որը տևական ժամանակ իրականացնում են տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը: Ըստ բնագետների, երկրի վրա կյանքի պահպանման համար, չափազանց կարևոր է մեղուների դերը: Փոշոտման շնորհիվ՝ մեղուներն ապահովում են բուսական աշխարհի բազմազանությունը: Կա նաև տեսակետ, ըստ որի՝ մեղրն իր օգտակար հատկություններով,  արյան մեջ անմնացորդ անցնող միակ սնունդն է:


Ստեփան Սարգսյանն իր ընտանիքի երրորդ սերունդն է, որն զբաղվում է մեղվաբուծությամբ: Պապից իրեն փոխանցված՝ ընտանեկան գործը տարեցտարի ավելի կարևոր է դառնում: Պատմում է, որ Վայոց ձորի մարզի հեռավոր գյուղերից մեկում՝ Կապույտում տեղադրած մեղվափեթակները ժամանակ առ ժամանակ հայտնվել են արջերի հարձակման թիրախում: Ու եթե տարիներ առաջ իրենց հաջողվել է անքուն գիշերների և գամփռերի  օգնությամբ պաշտպանել մեղվափեթակները, ապա այժմ դա ավելի դժվար է հաջողվում, քանի որ փոխվել է նաև բրդոտների վարքագիծը: Ստեփանը երեք տարվա մեջ, փորձել  է  կանխել արջի հարձակման երկու դեպք, ինչը հաջողվել է մասամբ՝ բերքի կորստով: Նորագույն տեխնոլոգիաների մուտքը գյուղեր և հեռավոր մարզերի զարգացումն այդ առումով չափազանց կարևոր է համարվում: Կա այն վստահությունը, որ գյուղացու գործը թեթևացնելը բխում է քաղաքի շահերից:

 

«Անցած տարի նույն այս վայրում, ներքևից արջը բարձրացել էր և երեք փեթակը գցել: Ես պատահական, գիշերվա 1-ին եկել ու տեսել եմ, որ արջն էստեղ է, փեթակները գցել  ու պատրաստվում է կոտրել դրանք: Երբ մեքենայի լույսերն ընկան վրան՝ փախավ, գնաց: Պայքարի ձևը հիմնականում եղել է մեղուների մոտ մնալը: «էլեկտրական հովիվը» պետք էր: Շները պահպանում են, բայց եթե սոված արջը գա, ի՞նչ պետք է անեն շները: Եթե արջը փախուստի տեղ չունենա՝ ստիպված հարձակվելու է: Այժմ, երբ այս տեխնոլոգիաները կան, մենք կարողանում ենք ազատ գնալ, մեր գործերն ավարտել ու վերադառնալ: Սրա առավելությունը նաև այն է, որ որտեղ ցանկանանք՝ կարող ենք տեղադրել: Անկախ նրանից՝ հոսանք կա, թե ոչ: Արևային պանելը լուծում է այդ հարցը»,-ասել է ֆերմեր Ստեփան Սարգսյանը:

Գոմքում Վիվա-ՄՏՍ-ի իրականացրած ծրագրերը չեն սահմանափակվում ֆերմերներին նորագույն տեխնոլոգիաներով աշխատող՝ «էլեկտրական հովիվներ» տրամադրելով: Առաջին ծրագրերն այստեղ իրականացվել են 2015 թվականից: Լուծվել է LED լուսատուներով գյուղի փողոցները լուսավորելու հարցը, կառուցվել է մեկ տուն, վերանորոգվել են տանիքներ: Գոմքի վարչական ղեկավարը կարևոր է համարում բնակավայրի նկատմամբ Վիվա-ՄՏՍ-ի դրսևորած ուշադրությունը:

«Այսօր մեծ խնդիր է բնակավայրում երիտասարդներին պահելու հարցը: Բոլոր երիտասարդները ձգտում են դեպի քաղաքներ, քանի որ գյուղերում կոմունիկացիաները շատ քիչ են: Այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի ունենանք այնպիսի կազմակերպություններ, որոնք կընդառաջեն այսպես փոքր գյուղերին՝ հետագա զարգացման համար»,-ասել է Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը:

«Էլեկտրական հովիվների» շնորհիվ ֆերմերային տնտեսությունները երաշխավորվում են կորուստներից, միաժամանակ լուծվում է նաև մարդ-բնություն հակասությունը մեղմելու խնդիրը: «Էլեկտրական հովիվներով» ֆերմերային տնտեսությունները պաշտպանելու ծրագիրը կարևոր է էկոլոգիական գիտակցության ձևավորման և բնապահպանական վարքագիծն ապրելակերպ դարձնելու տեսանկյունից: Կապույտը Գոմքի այն բնակավայրերից մեկն է, որտեղ այս ամենն իրականություն է դառնում:

Վիվա-ՄՏՍ-ի մասին 

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

 «Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:

Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտեգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031