Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք, որ ՌԴ-ն իր հանձնառությունները կատարի մարդկության առաջ․ հակառակ դեպքում ՌԴ-ն կդառնա Արցախում հայերի ցեղասպանության, հպատակեցման հանցակից»․«Բացում» նախաձեռնություն

Օգոստոս 14,2023 17:49

Հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից ադրբեջանցիների կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի եւ նրա հարազատների միջեւ մինչ օրս որեւէ միջոցով կապ չի հաստատվել։ Այս մասին այսօր Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։ 

«Ո՛չ հեռախոսակապ, ո՛չ տեսակապ չի եղել հորս հետ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ենք լուրեր ստանում։ ՄԻԵԴ-ից պատասխան ենք ստացել, որ հայրս քննչական մեկուսարանի բաժանմունքում է, դեղեր է ընդունում, սակայն իր հիվանդության՝ սրտի աորտալ ստենոզի դեպքում օգնող  ոչ մի դեղամիջոց չկա։  Խախտվում են հորս իրավունքները»,-ասաց Վերա Խաչատրյանը։

Նրա ներկայացմամբ՝  Ադրբեջանի Կարմիր խաչը տեսակցում է հորը ու փոխանցում հարազատներին, թե ինչ պայմաններում է պահվում հայրը, ինչ դեղեր է խմում․ «Ասում են՝ այս պահին վիճակը կայուն է։ Բայց ոչ մի խոսք չի կարող սփոփել մեզ։ Միայն շուտափույթ վերադարձ։ Ադրբեջանի օմբուդսմենն է նկար հրապարակել, ՄԻԵԴ-ն իր փաստաթղթերում մի երկու լուսանկար է փոխանցել հորս պահման պայմանների մասին»։

Վերա Խաչատրյանը պնդեց՝ հայրը կապ չունի Ադրբեջանի առաջադրած մեղադրանքների հետ, դուստրը դրանք սադրանքներ որակեց։ «Խնդրում եմ, պահանջում եմ բոլոր պետական եւ ոչ պետական կառույցներից, որոնք ի վիճակի են ազդել, որեպեսզի հորս շուտ վերադարձնեն, ամեն ինչ անեն հորս վերադարձնելու համար»,-ասաց Վերա Խաչատրյանը։

Նա Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ էր «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ։ Նախաձեռնության անդամները  ՌԴ իշխանությանն ուղղված հայտարարությունը երեք լեզուներով  ընթերցեցին, ապա նամակ-դիմում փոխանցեցին  դեսապանությանը։

Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը հիշեցրեց, որ տեւական ժամանակ է ՝ ՄԱԿ-ի հայստանյան գրասենյակի մոտ հումանիտար բեռներ են հավաքում Արցախի համար, ամեն օր երեկոյան հավաք-քննարկումներ են կազմակերպում։ Այվազյանը վստահեցրեց՝ արդեն իսկ փոփոխություններ եւ արդյունքներ կան այս նախաձեռնության շնորհիվ։

«Հարգելի պարոն Կոպիրկին (ՀՀ-ում ՌԴ դեսպան), «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը մեծ մտահոգությամբ եւ հրատապությամբ դիմում է ձեզ Արցախում ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, տիրող ծանր իրավիճակի առնչությամբ։ Որպես ՄԱԿ ԱԽ անդամ երկիր եւ Արցախում տեղակայված զինված ուժերով երկիր՝ ՌԴ-ն ինքնակամ կարեւոր դեր է ստանձնել տարածաշրջանի խաղաղության ապահովման եւ Արցախում վերահսկողություն իրականացնելու գործում։ Ռուսական զինված ուժերի ներկայությունն Արցախում պետք է պատնեշ լինի հպատակության կամ ճնշման ցանկացած ձեւի դեմ։ Սակայն ռուսական զորքերի՝ Արցախ մուտք գործելուց ի վեր՝ ականատես ենք մի սարսափելի գործընթացի, որի ընթացքում հայ ժողովուրդը Ադրբեջանի կողմից ենթարկվում է պաշարման, բնակավայրերի հայաթափման ու օկուպացման, անզեն քաղաքացիների գնդակահարումը, մարդկանց գերեվարումն  ու առեւանգումը, ինչպես նաեւ՝ Արցախը ՀՀ-ին կապող կենսական ճանապարհի փակումը հայ ժողովրդին մղում է անմարդկային տառապանքների եւ սովի։ Այս գործողությունները ցեղասպանական քայլեր են։

․․․ ՌԴ ռազամաքաղաքական իշխանության մինչ այս պահն արված այն հայտարարությունները կամ մեկնաբանությունները, որոնցում Արցախը  նշվում է Ադրբեջանի իրավազորության ներքո, անթույլատրելի են եւ հակաարդունավետ։ Հիշեցնում ենք՝ Արցախի հայ ժողովուրդն իր ինքնորոշման համար պայքարող ազատ ժողովուրդ է։ Նրա իրավասությունը գտնվում է իր իսկ ժողովրդավարական ինստիտուտների եւ  կառավարության ներքո։

․․․Ռուսաստանը՝ որպես շրջափակում տեսած եւ դրանից տուժած պետություն, պետք է շատ լավ գիտակցի ու պատկերացնի դրա անթույլատրելիությունը։ Անընդունելի է, որ ռուսական ուժերի վերահսկողության ներքո արցախահայությունը 21-րդ դարում Ադրբեջանի կողմից ենթարկվում է նույնատիպ պաշարման ու ցեղասպանության։ Սա հիմք է ստեղծում Ռուսաստանին ադրբեջանական ցեղասպան քաղաքականությանը մեղսակից համարելու համար, քանի որ խախտվում է ՄԱԿ-ի 1948 թվականի ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին 3-րդ հոդվածի 5-րդ ենթակետը։ Մենք մտահոգություն ենք հայտնում Ռուսաստանի դերի վերաբերյալ՝ Լաչինի միջանցքի երկայնքով ադրբեջանական զորքերի մուտքը թույլ տալը, ապօրինի անցակետի տեղադրմանը նպաստելը, ինչպես նաեւ ՄԱԿ փաստահավաք առաքելությանը եւ Լաչինի միջանցքով Հայաստանից Արցախ մարդասիրական ապրանքների տեղափոխմանը չստաարելու առնչությամբ։ Պահանջում ենք, որ Ռուսաստանն իր հանձնառությունները հրատապ կատարի մարդկության առաջ, այդ թվում՝ նպաստի ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի գումարմանը  եւ ապահովի ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարումը, հակառակ պարագայում ՌԴ-ն կդառնա Արցախում հայերի ցեղասպանության, հայրենազրկման, հպատակեցման հանցակիցը»,-ասված է հայտարարության մեջ։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031