Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումը պետք է դադարեցնել. Թումանյան 39-ի կառուցման շինթույլտվությունն անվավեր է ճանաչվել

Օգոստոս 14,2023 15:16

Ձեղնահարկերի կառուցման գործընթացի ուսումնասիրման արդյունքում անվավեր է ճանաչվել օրենքի խախտմամբ տրված Թումանյան 39 հասցեի ձեղնահարկի կառուցման շինթույլտվությունը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է այսօրվանից համապատասխան միջոցներ ձեռնարկել:

«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումը Երևանում այսուհետ պետք է դադարեցնել: Ամեն մեկը, պարզ է, ցանկանում է իր տանիքին ևս մեկ հարկ ավել ունենալ, շատերը նախկինում մեկ հարկ չէ, մեկ առանձնատուն են կառուցել, բայց դա պետք է դադարեցնել և մասնավոր դիմումներն այլևս չքննարկել»,-ընդգծել է փոխքաղաքապետը:
***
Հաշվի առնելով Արտաշատի խճուղի-Նորագավիթ ճանապարհահատվածում տեղի ունեցող մշտական վթարներն ու առաջացող խցանումները՝ Երևանի քաղաքապետարանի ծրագրով տարածքում նախատեսվում է տրանսպորտային նոր հանգույցի կառուցում: Նախագծով Նորագավիթից գյուղեր տանող ճանապարհի վրա կկառուցվի ուղեանց, և խաչմերուկային խնդիրներ այլևս չեն առաջանա: Հարկ է նշել, որ ճանապարհահատվածը համարվում է Հյուսիս-Հարավ մայրուղու մուտքը, կյանքի կոչվող ծրագրով կապ կհաստատվի Արտաշատի խճուղու հետ: Մայրուղու կառուցման ժամանակ, ի դեպ, այդ հատվածը շրջանցել են և ծրագրում չի ներառվել, ինչն էլ վթարավտանգ վիճակ է ստեղծել:
***
Երևանում, օրեցօր մեծացող կառուցապատման ծավալներին զուգահեռ առաջ է գալիս նաև ենթակառուցվածքների խնդիր: «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրով Երևանում այս տարի շուրջ 40կմ գազատար կանցկացվի: Նորաստեղծ հաղորդուղին աննախադեպ է իր ծավալով:
***
Երևանյան պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայություններն ու շենքային պայմանները բարելավելու նպատակով համայնքային ծրագրերով նորոգման մեծածավալ աշխատանքներ են իրականացվում: Այս տարի հարմարավետ պայմաններ կապահովվեն թիվ 5, 12 պոլիկլինիկաներում, «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնում ու թիվ 8 պոլիկլինիկայի «Կիլիկիա» մասնաճյուղում:
***
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու բարեկարգման աշխատանքների առաջին փուլն ամբողջությամբ ավարտված է: Առաջիկայում կմեկնարկի երկրորդ հատվածի շինարարությունը: Ճարտարապետական ինքնատիպ լուծումներով առանձնացող ու շատրվանային ընդարձակ համալիրով այգում կստեղծվեն նոր ու հարմարավետ պայմաններ:
***
Մուշական թաղամասը կոյուղատար համակարգ կունենա. կկառուցվի շուրջ 4.6 կմ կոյուղագիծ: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են:
***
Երևանի երբեմնի անտառները վերականգնելու ծրագրով Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք: Բարդ տեղանքում գործընթացն իրականացնելու համար մասնագիտական խումբն այժմ ուսումնասիրություններ է իրականացնում: Տարածքում կանցկացվի 4 կմ ոռոգման նոր համակարգ:
***
Համայնքը նախատեսում է իրականացնել տնկարանային տնտեսության ընդլայնման ու զարգացման, ինչպես նաև ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիր: Սա, ըստ էության, սեփական կարողություններ ստեղծելու նախագիծ է:

«Երևանում պետք է տնկվեն այն ծառերը, որոնք հենց մենք ենք աճեցրել. նախագիծն էականորեն կնվազեցնի մեր ֆինանսական բեռը: Մեր մոտեցումը հստակ է. քաղաքում շարունակելու ենք ծառատունկերն ու հիմնելու ենք նոր անտառներ ու պուրակներ», – ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031