Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է ռազմական սադրանք նախապատրաստելու մեջ 

Օգոստոս 14,2023 14:57

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում Հայաստանի՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդ դիմելը որակել է որպես սադրանք և քաղաքական շահարկում:

Երկուշաբթի   հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ «այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը դարձել են Հայաստանի լարվածության և ռևանշիզմի նպատակաուղղված քաղաքականության զոհ  և բախվում են լուրջ մարտահրավերների»:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ չնայած 2022թ. դեկտեմբերի «անհաջողությանը»՝ «Հայաստանը կրկին փորձում է ՄԱԿ Անվտանգության խորհուրդը վերածել քաղաքական, ռազմական և տեղեկատվական նպատակաուղղված շահարկումների արշավի գործիքի»:

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, ադրբեջանական կողմը մեղքն էլի բարդել է հայկական կողմի վրա: «Երկար խորհրդակցություններից հետո ձեռք էր բերվել պայմանավորվածություն Ղարաբաղի շրջան հումանիտար բեռներ հասցնել տարբեր երթուղիներով, ինչպես նաև հանդիպում կազմակերպել Ադրբեջանի հատուկ ներկայացուցչի և տեղի հայ բնակիչների ներկայացուցիչների միջև: Սակայն օգոստոսի 5-ին Հայաստանը վեջին պահին հրաժարվեց երկու պայմանավորվածություններից էլ: Եթե Հայաստանը և նրա ստեղծած «ինքնահռչակ ռեժիմը» հետևեին պայմանավորվածություններին, ապա հարցը լուծված կլիներ դեռ օգոստոսի սկզբին՝ Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի հայ բնակչությանը ընդունելի շրջանակում հումանիտար բեռներ հասցնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների և մարդկանց տեղաշարժի համար երթուղիների թեթևացման ճանապարհով: Չնայած այս իրավիճակից դուրս գալու վերաբերյալ ուղիներ փնտրելու համար Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության և ԿԽՄԿ-ի հետ Ադրբեջանի ինտենսիվ փոխգործակցությանը՝ Հայաստանը դիտավորյալ խոչընդոտում է այդ դիվանագիտական ջանքերին: Հայաստանի կողմից ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելը շահարկումների այդ արշավի մի մասն է, որը լուրջ հարված է հասցնում մասնակից կողմերի, այդ թվում ԱԽ անդամների ջանքերին»:

«Այս ծայրահեղ պահին առկա ռիսկերի սթափ ըմբռնումը և միջազգային հանրության համապատասխան արձագանքը Հայաստանի սադրանքներին ինչպես երբեք կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առջև կանգնած դժվարությունները հաղթահարելու և տեղի ծագումով հայ բնակչության վերաինտեգրման համար,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: -Պետք է ապահովել, որպեսզի բաց չթողնվի կայուն խաղաղության հաստատման համար պատմական հնարավորությունը»:

Գերատեսչությունից նշել են, որ Հայաստանը մի երկիր է, «որը 30 տարի շարունակ արհամարհել է 1993թ. ընդունված ՄԱԿ Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը և ԱԽ նախագահի մի շարք հայտարարություններ, որոնք պահանջում էին օկուպացիոն ուժերի լիարժեք, անհապաղ և առանց նախապայմանների դուրս բերում Ադրբեջանի տարածքից»:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Հայաստանին բնորոշ մոտ 30-ամյա բանակցությունների նմանակումը, որի շարունակվեց ընդհուպ մինչև 2020թ. սեպտեմբեր, հիշեցնում է քաղաքական, ռազմական և այլ սադրանքների դիմելու փորձ՝ կոնկրետ որոշումներ կայացնելուց և նախկին պարտավորություններից խուսափելու համար»:

Բաքվում հայտարարել են, որ վերջին շաբաթներին «Ադրբեջանի տարածքում անօրինական տեղակայված Հայաստանի զինված ուժերն ակտիվացրել են ռազմա-ինժեներական աշխատանքները և այլ ռազմական գործունեությունները, ինչը «միջազգային իրավունքի, այդ թվում 2020թ. նոյեմբերի 10-ի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ  հայտարարության չորրորդ կետով ամրագրված Հայաստանի պարտավորությունների խախտում է»:

Միաժամանակ, ըստ ադրբեջանական գերատեսչության, «վերջին օրերին նկատվել է Հայաստանի զինված ուժերի մեծ թվով անձնակազմի, ռազմատեխնիկայի և զենքի կուտակում Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով՝ հերթական ռազմական արկածախնդրություն իրականացնելու համար»:

Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանի գործողությունները ցույց են տալիս, որ «այդ երկիրը չի հրաժարվում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից և ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միայն խոսքով»:

«Ադրբեջանն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բոլոր օրինական միջոցներով, որոնք սահմանված են ՄԱԿ Կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031