Ermenihaber. Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Հոգևոր խորհրդի ատենապետ Իսահակ Բըչաքչըն պոլսահայ ոսկերիչ Լևոն Գագաչյանի նկատմամբ դատական հայց են ներկայացրել Բաքըրքյոյի գլխավոր դատախազություն:
Նրանք Գագաչյանին մեղադրել են պատրիարքարանի ու հոգևորականների հասցեին արած վիրավորական գրառումների մեջ և պահանջել նրան ենթարկել քրեական պատասխանատվության:
Պոլսահայ համայնքի անդամն էլ իր հերթին դիմել էր Թուրքիայի նախագահականի հանրային կապերի կենտրոն և զգուշացրել. «Եթե իմ կյանքին ու ունեցվածքին վնաս հասցվի, դրա համար պատասխանատու են պատրիարքարանում գտնվող 3 անձ»։
Նախագահականից ստացված պատասխանի համաձայն՝ Գագաչյանը կարող է դիմել Ստամբուլի գլխավոր դատախազություն, ինչն էլ վերջինս արել է:
Կարդացեք նաև
Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից գործին ընթացք է տրվել «կրոնական հավատքի ազատությունը խոչընդոտելու» Գագաչյանի պնդմամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին պատրիարքարանի կողմից արված հայտարարությամբ պարզ էր դարձել, որ պոլսահայ ոսկերիչը բանադրվել էր և հայոց եկեղեցու հետ այլևս կապ չունի:
Նման որոշումից հետո պոլսահայ համայնքի ներկայացուցիչը նշել էր, որ բոլոր մեղավորներին դատի է տալու, իսկ պատրիարքարանի որոշումը որակել որպես անսպասելի:
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ պատրիարքարանը նման քայլի էր գնացել Գագաչյանի ֆեյսբուքյան էջում կատարած վիրավորական գրառումների և դրանք չհեռացնելու պատճառով: