Սևանա լճին օգնելու լավագույն տարբերակը՝ Սևանին հանգիստ թողնելն է. Սևանի խնդիրներով պետք է զբաղվեն բացառապես մասնագետները : Այսպիսի գնահատական տվեց ՀՀ բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանն այսօր Sputnik- Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում:
Նրա խոսքով` պատմության ընթացքում Սևանա լիճը պարբերաբար 49 մետրի իջեցում-բարձրացում արձանագրել է: «Հիմա, մենք լճի ջրի մակարդակն արհեստականորեն իջեցնում ենք, առանց մտածելու , որ կարելի է միայն Սևանի հույսին չմնալ: Հայաստանն այնքան ջրային ռեսուսներ ունի, որ մենք կարող ենք այդ ռեսուրսներն օգտագործել և Սևանին հանգիստ թողնել»,-ասաց Շահազիզյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` վերջերս կառավարության նիստում արված այն հայտարարությանը, թե ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է, նա հակադարձեց, որ Հայաստանում իրականում ջրի կառավարման ճգնաժամ կա։ Մասնավորապես ոռոգման ջրի 60-70 տոկոսն իր նպատակին չի ծառայում, ջուրը տեղ չի հասնում։ Հետևաբար` պետք է խնդիրը լուծել և ոռոգման ցանցը նորոգել։ «Որքան հնարավոր է, ջուրը պետք է տանել փակ եղանակով, քանի որ մեր բնակլիմայական պայմաններում ջուրը շատ է գոլորշիանում, օրինակ Սևան մտնող ջրի 90 տոկոսը գոլորշիանում է Եվ ցանկացած կլիմայական փոփոխություն կարող է բերել գոլորշիացման ավելացման կամ պակասեցման, դա մեր ձեռքում չէ։ Բնությունն իր օրենքներն ունի»,-նշեց նախկին նախարարը:
Նա բերեց ջրի կառավարման ճգնաժամի մի քանի օրինակ. Արփա–Սևանը 2010-17 թվերին չի աշխատել, այդ 7 տարվա ընթացքում Սևան կարող էր մտնել 1.7 միլիարդ խորանարդ մետր ջուր: «Ջրի կառավարման հարցում թերացման մեկ այլ օրինակ` Հայաստանը չի օգտագործում Ախուրյանի ջրամբարի իրեն հասանելի մասը։ Իսկ այդ ջրամբարը, երբ կառուցվել է, կես–կես օգտագործման պայմանով է կառուցվել»,–նշեց նա։
Կարդացեք նաև
Հայաստանի համար ջրի կառավարման մեկ այլ խնդիր էլ այն է, որ Հայաստանից սկիզբ առնող գետերը հիմնականում Արաքս և Քուռ գետերի միջոցով գնում են Ադրբեջան (լցվում են Կասպից ծով)։
«Հիմա բողոքում են Եղեգիսի ջրերից։ 46-48 կմ–անոց գետի վրա 17 ՀԷԿ–ի առկայությունը արդեն իսկ խնդիր է։ Եթե այդտեղ 4-5 հատ ՀԷԿ լիներ, դա նորմալ էր։ Բայց կա նաև լավ օրինակ` Վեդիի ջրամբարը, որտեղ սելաֆների ժամանակ ջրերը կուտակվել են։ Լավ բանին չես կարող չասել լավ, բայց դրա փոխարենը հազար ու մի տեղերը ջրերը անտեղի գնում են»,–ընդգծեց Շահազիզյանը։
Նրա գնահատմամբ՝ ոռոգման նպատակով Սևանից անդադար ջուր վերցնելը, և որպես հետևանք մակարդակի կայուն նվազումը լճին սպառնում են ճահճացմամբ: Որպես Սևանի կանաչման հարցի լուծում՝ Շահազիզյանն առաջարկեց Սևան թափվող 28 գետերից խոշորների վրա մաքրման կայաններ դնել։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ