«Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այն համակարգային բացերը, որ ձեւավորված են հետխորհրդային իրականության մեջ, եւ որոնց լուծման վերաբերյալ առայժմ, ցավոք, որեւէ ռազմավարություն չկա»,- այսօր ասուլիսում ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը խոսելով՝ Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական հետեւանքներով ավտովթարի մասին:
Ապա խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ նա հավելեց. «Մեր կուսակցության քաղաքական խորհուրդը տեւական քննարկումներ է անցկացրել այս ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, այդ քննարկումները շարունակվել են մինչեւ երեկ ներառյալ: Մենք հակված էինք այնուամենայնիվ մասնակցել այս ընտրություններին՝ դրա համար ունենալով թե ցանկություն, թե հնարավորություն, թե թիմ, սակայն մեր քննարկումները մեզ բերեցին եւ հանգեցրին հետեւյալ եզրահանգմանը. ելնելով այն իրողություններից, որոնք ձեւավորվեցին երեկ ժամը 6-ից սկսած:
Իսկ իրողությունները հետեւյալն են՝ երեկ ժամը 6-ին հայտերի ընդունումն ավարտվեց, եւ մենք երեկ հանդես եկանք հայտարարությամբ, որով արձանագրեցինք, որ ընդամենը 2 տարի առաջ ԱԺ անցած ընդդիմադիր երկու խմբակցությունները եւ նրանց մաս կազմող կուսակցությունները չմասնակցելով ավագանու ընտրություններին՝ երկրում նոր իրավիճակի սկիզբ են դրել: Ըստ այդմ՝ ժողովրդավարության պատվարը հանդիսացող մեր խորհրդարանը այլեւս չի արտացոլում ներկայիս հանրային տրամադրությունները, չի արտահայտում ՀՀ քաղաքացիների քաղաքական նախապատվությունների ողջ համայնապատկերը, ի վիճակի չէ լիարժեքորեն սպասարկել պետության եւ հանրության շահերը՝ ներկայիս այս մարտահրավերների պայմաններում:
Պայմաններ, երբ ԱԺ մաս կազմող 3 խմբակցություններից 2-ը ոչ միայն իրենց դուրս են դրել քաղաքական գործընթացներից, այլ Հայաստանի դեմ տարվող պերմանենտ հիբրիդային պատերազմի պայմաններում վերածվել են երկրում ժողովրդավարությունը թիրախավորող գլխավոր հակապետական խմբերի եւ խմբակների կոնգլոմերատի»:
Կարդացեք նաև
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, ներկա իրավիճակում Երեւանում գոյություն ունեցող բոլոր խնդիրները, որոնց մասին այս ընտրարշավի ընթացքում կբարձրաձայնվեն, պահանջում են համակարգային լուծումներ, կառավարման համակարգի արմատական բարեփոխումներ. «Մեր երկիրը կանգնած է քաղաքական կուրսի արմատական վերանայման եւ արտաքին քաղաքական ռազմավարական շրջադարձ իրականացնելու օրվա հրամայականի առաջ»: Նրա ձեւակերպմամբ, այս ամենին հնարավոր է հասնել միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ