Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու երիտասարդ աղջիկներ գտնվել են հոգեվարքի մեջ․ նրանց փրկել չի հաջողվել․ մանրամասներ՝ Լանջիկի ողբերգական ավտովթարից

Օգոստոս 14,2023 14:08

Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած քաղաքացիներից մեկի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է։ Գյումրի բժշկական կենտրոնի անձնակազմը պայքարում է նրա կյանքի համար։

Գյումրի ԲԿ տեղափոխված վեց հիվանդներից 4-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր , նրանցից երեքին րոպեներ առաջ տեղափոխեցին Երևան՝ մասնագիտացված բուժօգնության։ Երկուսին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մեկին՝ Աստղիկ» բժշկական կենտրոն։
Գյումրու հիվանդանոցում այս պահին մնացել են ընդամենը երկու հիվանդներ։

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Նա ասաց, որ ըստ իրենց ունեցած տեղեկության՝ տուժողների մեջ գյումրեցիներ չկան։ Նրանց մեծ մասը Երևանից են, երիտասարդներ են։

Արմեն Խաչատրյանի պատմելով, վեց հոգու են ընդունել Գյումրի ԲԿ՝ բազմատեսակ ու բազմօրգանային վնասվածքներով՝ շոկային վիճակում։ Նրանք հետազոտվել են, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ։

Գիշերը նրանցից մեկի համար մասնագիտացված բուժօգնության կարիք է եղել, ուղարկել են թիվ 1 մասնագիտացված կլինիկա։ Մյուսների վիճակը կայունացել է, սակայն գնահատվում է ծանր։

«Նրանցից մեկին տեղափոխել ենք «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված բուժօգնության։ Երկու հիվանդի էլ տեղափոխել ենք մայրաքաղաք՝ ըստ բնակության վայրի», -ասաց Արմեն Խաչատրյանը։

Հիվանդանոցի փոխտնօրենը նաև ասաց, որ գիշերը Գյումրի ԲԿ են տեղափոխել մեկ մահացած անձի և հոգեվարքի մեջ գտնվող երկու երիտասարդ աղջիկների, փորձել են վերակենդանացման միջոցառումներ անել, սակայն ապարդյուն, նրանց ստացած վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ։


Հիշեցնենք, որ 11 հոգի մահացել են, բախվել էին «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը, որի մեջ եղել են Արևմտյան Հայաստանից վերադարձող խմբի անդամներ և «ZIL» մակնիշի բեռնատարը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը․ «Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «Զիլ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։ Վիրավորների վիճակը, ըստ բժշկական կենտրոնից փոխանցված տվյալների, ծանր են կամ ծայրահեղ ծանր։ Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ»։

Ի դեպ, մենք փորձեցինք տեղեկատվություն ստանալ նաև «Համշեն Տուրից», որով և ճանապարհորդել են տուժածները։ Սակայն այստեղից նշեցին, որ ժամանակ չունեն այս պահին մեր հարցերին պատասխանելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031