Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը։
Դատարանի բակում հավաքված են Արմեն Աշոտյանի կուսակից ընկերները, աջակիցներ, երիտասարդներ։ Բակում հավաքվածները ծափողջյուններով ողջունեցին Արմեն Աշոտյանին ու վանկարկեցին «Աշոտյան, Աշոտյան»։
Լրագրողների հետ զրույցում հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի այս դատական նիստից, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Ես առհասարակ Նիկոլ Փաշինյանի իշխանազավթումից հետո, Նիկոլի կողմից դատարանները արգելափակելուց, շրջափակելուց հետո, նրա հայտարարություններից հետո, երբ սկսվեց քաղաքական հետապնդումների մեծ շղթա, ես այս համակարգից որևէ դրական բան չեմ սպասում։ ՀՀ-ում, իմ խորին համոզմամբ, կա մեկ մարդու իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը կուզի, Արմեն Աշոտյանը այսօր կլինի ազատության մեջ։ Նիկոլ Փաշինյանը կհրահանգի, որ Աշոտյանի վրա դնեն մի հատ էլ Քենեդու սպանությունը՝ կդնեն։ Մեր խնդիրն է բոլորին հստակորեն ուղերձ հղել, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, բանտարկված է, քանի որ Արցախն էլ պաշարված է թուրքի կողմից»։
Այն առնչությամբ, որ ՀՀ-ն Արցախի շրջափակման հարցով դիմել է ՄԱԿ-ի ԱԽ, Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման, Արցախը Ադրբեջանին հանձնելու օպերացիայի դերակատարներից մեկն է, կնքահայրն է։ Եթե ինքը հայտարարում է, որ ինքն է արցախցիներին գերության մեջ պահել, ինքն է իր իսկ ստորագրությամբ հրաժարվել, ինքն է Աղավնոն, Սուսը հայաթափել, ինքն է թուրքին բերել Գորիս-Կապան ճանապարհ։ Հիմա ումի՞ց է բողոքում»։
Կարդացեք նաև
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Ադրբեջանի կազմում որևէ ինտեգրացիա չկա, դա ձուլում է․ «Եթե Արցախը մտավ Ադրբեջանի կազմ, նրան սպասում է Նախիջևանի ճակատագիրը։ Քանի՞ հայ է այնտեղ ապրում։ Ով խոսում է ինտեգրացիայի մասին, նա ազգի դավաճան է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ