Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ընթացիկ հաշվի վերլուծություն. Աղասի Թավադյան

Օգոստոս 14,2023 13:23

Արտահանման աճը էական դեր ունի ցանկացած երկրի տնտեսական զարգացման գործում: Սա կարևոր է հատկապես զարգացող փոքր տնտեսություն ունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է: Այս պետություններում հատկապես հրամայական է և բացասական առևտրային հաշվեկշռի և վճարային հաշվեկշռի կարգավորման խնդիրը: Այս տեսանկյունից արտահանման և ներմուծման միջև հավասարակշռված հարաբերակցության պահպանումը չափազանց կարևոր է տնտեսական կայունության և աճի պահպանման համար: Նշենք, որ 2022 թվականին Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել այս ոլորտում, այսպես ապրանքների և ծառայությունների ներմուծման-արտահանման հարաբերակցությունը կազմել է 1.043, այսինքն` ապրանքների և ծառայությունների ներմուծումը ընդամենը 4.3% է գերազանցել արտահանմանը (ապրանքների և ծառայությունների ներմուծում` 10.1, իսկ արտահանում 9.7 մլրդ ԱՄՆ դոլար): Այն ինչ 2021-ին այս հարաբերակցությունը կազմում էր 1.221, 2020-ին` 1.331, իսկ 2010թ. ճգնաժամային տարում` 2.518: Այս տարբերության նվազումը հիմնականում կապված է 2022թ. ծառայությունների արտահանման շեշտակի աճով:

Առևտրային հաշվեկշռի պակասուրդ է առաջանում, երբ երկրի ներմուծումը գերազանցում է արտահանումը, ինչը հանգեցնում է ապրանքների և ծառայությունների հոսքի անհավասարակշռության: Այս իրավիճակը էական մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի նման զարգացող փոքր տնտեսությամբ երկրների համար։ Առևտրային պակասուրդը կարող է լարվածություն առաջացնել երկրի արժութային պահուստների վրա` զգալի նվազեցնելով, նույնիսկ սպառելով դրանք, մեծացնել կախվածությունը արտաքին ներդրումների հոսքից և խոչընդոտել ներքին արդյունաբերության աճին։ Այսպիսով, Հայաստանի համար կարևոր է դառնում բարենպաստ առևտրային հաշվեկշռի պահպանման առաջնահերթությունը, որը կարող է աջակցել տնտեսական անկախության ապահովմանը:

Հայաստանի ընթացիկ հաշիվ ՀՆԱ-ի հարաբերակցությունը կարևոր ցուցիչ է, որն արտացոլում է միջազգային գործարքների և ներքին տնտեսության հավասարակշռությունը: Այս հարաբերակցությունը չափում է Հայաստանի արտահանման, ներմուծման և ֆինանսական փոխանցումների արժեքը ՀՆԱ-ի նկատմամբ: Բացասական հարաբերակցությունը ենթադրում է ընթացիկ հաշվի պակասուրդ, ինչը ցույց է տալիս, որ երկիրն ավելի շատ ներմուծում է ապրանքներ և ծառայություններ, քան արտահանում: Սակայն սա չի կարող հանդիսանալ երկարաժամկետ կայուն զարգացման ռազմավարություն և Հայաստանը այս քաղաքականության պայմաններում պետք է մշտապես ներգրավի արտաքին ներդրումներ և դրամական միջոցներ, որը մեծացնում է պետական պարտքը և Հայաստանի կախվածությունը այլ պետություններից և համաշխարհային ֆինանսական կազմակերպություններից:

Ինչպես երևում է առաջին գծապատկերից 2022թ. ընթացիկ հաշիվ ՀՆԱ հարաբերությունը կազմել է ռեկորդային -0.83%, այն ինչ 2021թ. ընթացիկ հաշիվ ՀՆԱ հարաբերությունը կազմում է -3.68%, իսկ 2019թ. -7.29%: Այսինքն 2022թ. գրեթե առկա չէ ընթացիկ հաշվի պակասուրդ:

Գծապատկեր 1. Հայաստանի ընթացիկ հաշվի և դրա բաղադրիչների հարաբերությունը ՀՆԱ-ին

Երկար տարիներ Հայաստանը հետևողականորեն ունեցել է ընթացիկ հաշիվ ՀՆԱ-ի նկատմամբ բացասական հարաբերակցություն, ինչը վկայում է ընթացիկ հաշվի մշտական պակասուրդի մասին: Այնուամենայնիվ, 2022 թվականին պակասուրդը զգալիորեն նվազել է՝ հասնելով -0.83%-ից ցածր մակարդակին, որը էական բարելավում է նախորդ տարիների համեմատ։ Նշենք, որ մինչև 2020թ. Հայաստանում առկա էր սկզբնական եկամուտների պրոֆիցիտ, որով Հայաստանը ապահովում էր բացասական առևտրային հաշվեկշիռը: Սկզբնական եկամուտներն իրենց մեջ ներառում են աշխատողների վարձատրությունը, ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները: Այսինքն` Հայաստանը միշտ ստիպված է եղել ներգրավել ներդրումներ նաև իր բացասական առևտրային հաշվեկշիռի ֆինանսավորման նպատակով: 2020թ. Հայաստանը սկսել է ավելի շատ ներդրում կատարել արտասահմանյան երկրներ, քան արտասահմանից ստանալ ներդրումներ, սա հիմնականում պայմանավորված է ծառայությունների արտահանման պրոֆիցիտային զգալի աճով:

2022 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատմումը կարող է խթանել ներդրողների վստահությունը, ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ և պոտենցիալ բարձրացնել վարկային վարկանիշները՝ հեշտացնելով միջազգային կապիտալի շուկաներ մուտքը և փոխառության բարենպաստ պայմանները: Այն նվազեցնում է կախվածությունը արտաքին ֆինանսավորումից, բարելավում է առևտրային հաշվեկշիռը, կայունացնում է արժույթը և մեծացնում է երկրի գրավչությունը ներդրողների համար: Այնուամենայնիվ, այս դրական միտումը պահպանելու համար կպահանջվեն շարունակական ջանքեր արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և ընդհանուր մակրոտնտեսական միջավայրի արդյունավետ կառավարման ուղղությամբ: ՀՆԱ-ի նկատմամբ ընթացիկ հաշվի բարելավված հարաբերակցությունը արտացոլում է Հայաստանի քայլերը դեպի տնտեսական կայունություն և հիմք է ստեղծում հետագա աճի և զարգացման համար:

Գծապատկեր 2. Հայաստանի արտահանման և ներմուծման կանխատեսում, մլրդ ԱՄՆ դոլար

Գնահատենք ՀՀ առևտրաշրջանառության դինամիկան (գծապատկեր 2): Գծապատկերում ներկայացված է Հայաստանի առևտրաշրջանառության դինամիկան և դրա կանխատեսումը: Իրական տվյալները վերջնաժամկետը 2023թ. մայիսն է, որից հետո կատարվել է կանխատեսում ETS եղանակով: Կանխատեսումը ցույց է տալիս, որ 2023 թվականի արդյունքներով արտահանման աճը համեմատած ներմուծման աճի դանդաղելու է և ամենայն հավանականությամբ արտահանումը 2023թ աճելու է մոտ 30%` կազմելով մոտ 7 մլրդ դոլար, իսկ ներմուծումը աճելու է մոտ 45%` կազմելով մոտ 13 մլրդ դոլար: Այսպես` ապրանքների ներմուծում արտահանում հարաբերությունը 2022թ. իջել էր մինչև 1.6, ակնկալվում է, որ 2023 այն հետ է բարձրանալու և դառնալու է 1.8, որը բացասական է հավասարակշռված առևտրային հաշվեկշռի ունենալու տեսանկյունից:

Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ
Tvyal.com կազմակերպության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031