Ermenihaber. Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարար Օսման Աշքըն Բաքը պատգամավորների հետ Էսքիշեհիր քաղաք կատարած այցի ընթացքում մասնակցել է «2023թ. քաղաքային հանդիպումներ» ծրագրին:
Մամուլի ասուլիսի ժամանակ թուրք նախարարն անդրադարձել է սեպտեմբերի 8-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական մրցաշարի Թուրքիա-Հայաստան հանդիպմանը, որը տեղի է ունենալու Էսքիշեհիրում:
«Թուրքիա-Հայաստան խաղը շատ կարևոր է: Եթե այս խաղը հաղթենք, խմբում շահեկան վիճակում կհայտնվենք, անցողիկ դիրքում կլինենք: Այդ պատճառով հրավիրում ենք Էսքիշեհիրի բոլոր երկրպագուներին։ Կարծում եմ՝ դա կարևոր գործընթաց է»,- նշել է թուրք նախարարը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական մրցաշարի 1-ին խաղում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել էր Թուրքիայի ընտրանուն: