Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իր զինանոցում տարբեր միջոցներ ունի․ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ

Օգոստոս 14,2023 10:26

1in.am. Մենք մի քանի ամիս է, ինչ զգուշացնում ենք միջազգային հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն։ Այս մասին BBC-ի Newshour ռադիոծրագրին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

«Ադրբեջանի կողմից կենսապահովման այս կարևոր ուղու փակումը պայմաններ ստեղծեց մարդածին հումանիտար աղետի համար: Այսօր ուղիղ ութ ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղում շրջափակված հազարավոր ընտանիքներ տառապում են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի սուր պակասից»,- հայտարարել է Մարգարյանը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, որ պետք է կատարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ կանխելու զանգվածային վայրագությունները Լեռնային Ղարաբաղում։

«ՄԱԿ-ի միջազգային դատարանը փետրվարին միջանկյալ միջոց հրապարակեց, իսկ հուլիսին վերահաստատեց այն, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի (Բերձոր) միջանցքով, ինչը Ադրբեջանը մինչև օրս չի իրականացրել: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը երեք հայտարարություն արեց՝ մեկը դեկտեմբերին, մյուսը՝ փետրվարին և վերջինը՝ օգոստոսի 3-ին՝ կոչ անելով անվերապահորեն իրականացնել միջազգային դատարանի որոշումը և վերահաստատելով դրա պարտադիր բնույթը: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ կոչ են արել Ադրբեջանին կատարել դատարանի որոշումը։ Մեկ ամիս առաջ մենք նաև կոնկրետ խնդրանքով դիմել ենք Անվտանգության խորհրդին՝ հրատապ և արդյունավետ գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և ապահովել միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռները։ Մինչև հիմա ոչինչ չի արվել։

Նույնիսկ Միջազգային կարմիր խաչին է արգելված մուտք գործել այս տարածք: Ցեղասպանության հարցով բազմաթիվ հեղինակավոր գիտնականներ և փորձագետներ գրել են՝ հայտարարություններ անելով Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հստակ մտադրությունների մասին։ Միջազգային հանրությունը պարտավոր է կանխել նման հանցագործությունները։

Անվտանգության խորհուրդն իր զինանոցում տարբեր միջոցներ ունի։ Ամենահարմարը կլինի բանաձևը, որը լիազորում է Միավորված ազգերի կազմակերպության հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին (OCHA) գնահատող առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և բնակչությանն անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնել, ինչպես նաև կատարել միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները՝ բացելով Լաչինի միջանցքը։ Արդեն երկու շաբաթ է, ինչ մարդասիրական բեռներով ավտոշարասյունը արգելափակված է սահմանին։

Այս իրավիճակը կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ։ Մարդիկ տառապում են, սնունդ չկա, դեղորայքը չի հերիքում, միջազգային հանրության միջամտության խիստ անհրաժեշտություն կա՝ զանգվածային վայրագությունները հիմա կանխելու համար»,- նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031