Լրահոս
Օրվա լրահոսը

Թող հասկանան, թե ինչ է շրջափակումը․ Լոս Անջելեսի հայերը որոշել են մի քանի օր շրջափակած պահել Ադրբեջանի հյուպատոսության շենքը

Օգոստոս 14,2023 10:13

Լոս Անջելեսի հայերը շրջափակել են ադրբեջանական հյուպատոսության շենքը, եւ ժամեր շարունակ բողոքի ցույց են անում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱՄՆ-ում բնակվող լրագրող Արթուր Սահակյանը, որը նաեւ ուղիղ միացմամբ կադրեր է հրապարակել ցույցից: Լոս Անջելեսի մեր հայրենակիցները պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

«Սա նիկոլական, քոչարյանական, սերժական հավաք չէ, սա համահայկական հավաք է»,-ասաց նրանցից մեկը: «Բոլորիս պարտքն է այստեղ լինել, այստեղ քաղաքական կուսակցական խոսակցություններ չկան, այստեղ հավաքված յուրաքանչյուր հայ սրտացավ է Արցախի մեր հայրենակիցների կացության հետ կապված: Մենք ավելի ուժեղ համայնք չենք տեսել, Լոսի հայությունը աշխարհի ամենալավ համայնքն է, հոգով, սրտով, առանց ձեւականությունների մեր հայրենակիցների կողքին ենք»,-ասաց ցույցի մասնակիցներից մի կին:

Ցույցին մասնակցում էր նաեւ փոքրիկ Ավետը՝ Արցախից, որը կատարեց «Գետաշեն» երգը: Երգչուհի Լիլուն եւս ներկա էր: Ցույցի մասնակիցների մեջ նաեւ զինվորական համազգեստով երիտասարդ կար, որին տեսնելով ցուցարարները ծափահարեցին ու բեմ բարձրացրին:

 Ի դեպ, այն վայրը, որտեղ ցույց են անում հայերը, կրում է Արցախի հրապարակ անունը, նման որոշում է կայացրել քաղաքային խորհուրդը այս տարվա մայիս ամսին: Ցույցի մասնակիցները հայտարարում են, որ մի քանի օր շրջափակած են պահելու տարածքը, որտեղ ոչ միայն Ադրբեջանի հյուպատոսության շենքն է, այլեւ 7-8 երկրների: «Եթե շատ լինենք, ոստիկանությունը չի կարող ցրել ցույցը կամ բացել փողոցը»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

«Արդյունավետ աշխատանքները մեկ հավաքով, մեկ բողոքի ցույցով չեն լինում, պետք է անընդհատ պայքարել, որովհետեւ եթե լռենք, թշնամին կասի, պայքարող չկա, էս էլ վերցնեմ, էն էլ վերցնեմ…Մեզանից յուրաքանչյուրը ունի բարեկամ Արցախում ու Հայաստանում: Հայրենիքի համար պետք է այստեղ լինել, երբեմն աղաղակել, անգամ ռադիկալ քայլերի գնալ: Հայաստանի երիտասարդները շուրջ 5000 հոգի Արցախի համար իրենց կյանքն է տվել: Մենք այն իրավիճակում չենք, որ մեր կյանքը տանք, բայց Արցախը եւ մեր հայրենակիցները մեզանից ակնկալիքներ ունեն… Մենք պետք է բարձրաձայնենք Արցախի մասին: Մենք չենք կարող ոչինչ հասցել Արցախ, բայց մեր ձայնը կարող ենք միահամուռ կերպով բարձրացնել տարբեր ատյաններում»,-հավելեց նա:

Լոս Անջելեսի հայերը որոշել են մի քանի օր շրջափակած այն տարածքը, որտեղ Ադրբեջանի եւ այլ երկրների հյուպատոսությունների շենքերն են: «Թող հասկանան, թե ինչ է շրջափակումը: 21-րդ դարում Արցախում ցեղասպանություն է կատարվում»,-ասաց ցուցարարներից մեկը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Շատ ողջունելի և օրինակելի ակցիա են կազմակերպել Լոս-Անջելոսի մեր եղբայրները։ Շատ լավ կլիներ Սփյուռքի մյուս գաղթօջախներում ապրող հայերի կողմից նույն կերպ շրջափակվեին այդ պետություններում գտնվող ադրբեջանական դեսպանատներն ու հյուպատոսարանները, բայց ավելի երկար ժամանակով, որպես պատասխան Արցախի երկարատև բլոկադայի։
    Կեցցեն այդ ակցիան նախաձեռնողներն ու իրականացնողները։ Հայեր միացեք, միացեք հայեր, Արցախը տնքում է,
    օգնության հասեք…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031