Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարող է պաթետիկ հնչել, բայց սերը զիլ է

Օգոստոս 13,2023 20:26

Հարցազրույց լուսանկարիչ Ռոբերտ Բաբայանի հետ

– Յուրաքանչյուր լուսանկարչի լուսանկարչություն մատնահետքի պես միայն իրեն է բնորոշ, ձերն ինչով է յուրահատուկ:

– Ըստ իս՝ արվեստի յուրահատուկ կամ ոչ յուրահատուկ լինելու պիտակավորումը արժի թողնել կոնկրետ հանդիսատեսի խմբին ,որին ուղղված է այդ արվեստը:

Հետո չէի ասի, որ այսօր յուրաքանչյուր լուսանկարչի արածը միայն նրան է բնորոշ: Պոստմոդեռնիզմի դարաշրջանում դժվար է հասկանալ` որն է արտիստի սեփականը:

– Ինչու սեւ-սպիտակ…

– Սեւ- սպիտակի մեջ արտասովոր դրամատիզմ կա: Գույները աչք են շոյում, բայց միևնույն ժամանակ շեղում են: Սեւ- սպիտակը ֆիքսում է դիտողի ուշադրությունը հոգեվիճակի, էմոցիոնալ բովանդակության վրա: Հետո այն հավերժ է… կարծես ժամանակից դուրս է: Լուսանկարը, որը արվել է երեկ, կարող է այնպիսի տեսք ունենալ, կարծես արվել է 50 տարի առաջ: Ու այդ գաղտնիքը լրացուցիչ գեղեցկություն է հաղորդում նրան:

-Ձեր աշխատանքներում ուղերձներ կան, օրինակ դրանցից մեկում ասում եք, որ ծխելը զիլ բան չէ: Իսկ ինչն է զիլ այս կյանքում:

– Բավական հեգնական է հարցնել սա մարդուն, որը 6 ամիսը մեկ թողնում է ծխելը ապա նորից սկսում ծխել (ծիծաղում է- Գ.Հ.): Երևի դա մի բան է, որ մի անգամ դառնում  է սովորություն և երբեք էլ չի հեռանում: Այ թե ով ինչ է ընտրում ծխել ու դարձնել իր առօրյայի մշտական ուղեկցող, դա այլ հարց է: Եթե կան բաներ, որոնցից երբեք չեմ հրաժարվի, դրանք սիգարներն են…

Իսկ ինչ վերաբերվում է  այն հարցին, թե ինչն է զիլ այս կյանքում… Կարող է պաթետիկ հնչել, բայց զիլ է սերը..Այն յուրահատուկ իմաստ է հաղորդում ցանկացած պրիմիտիվ բանի, ինչի դիպչում է՝ լինի դա մասնագիտություն, իր թե մարդ…

– Այսօր ով լավ սարք է ձեռք բերում, համարում է, որ լավ լուսանկարիչ է: Հնարավո՞ր է հետաքրքիր լուսանկարներ ստանալ սովորական սմարթֆոնով:

– Իհարկե, հնարավոր է, մանավանդ երբ խոսքը գնում է ուղղակի լուսանկարները սոցերում տեղադրելուն: Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս հեռախոսով եւ տեսախցիկով արված լուսանկարների տարբերությունը հասցնել նվազագույնի: Ուրիշ բան է, երբ որոշեք տպել այդ լուսանկարները.. Այ այդտեղ տարբերությունն ակնհայտ կլինի:

Ինչ վերաբերում է լավ աչք ձեռք բերելուն, եթե արտիստի կերտածի հետևում չկա ոչինչ, բացի սարքից, որը նա օգտագործում է, դա նշանակում է որ այն ինչ անում է նա կարող է անել ցանկացած ոք:

– Ձեր աշխատանքներում բեմադրված գեղեցկություն չկա, եթե անգամ կա բեմադրված կադր, ապա շատ ռեալիստական է եւ շատ իրական: Ինչպես եք վերաբերվում զուտ սիրունիկ աչք-ունք նկարելուն:

– Երևի չկա այնպիսի մարդ, որ ասեմ՝ այ իրեն երբեք չեմ լուսանկարի: Ցանկացած մարդուց կարելի է ստանալ ինչ-որ կերպար, եթե նա քեզ հետաքրքրում է: Իսկ առհասարակ չեմ սիրում կեղծ արտաքին: Ինձ միշտ հետաքրքիր են մարդու հույզերը, հոգեվիճակը, առավելագույնս բնականին մոտ ամեն բան…. Չափից շատ շպարը, պլաստիկ վիրաբուժական միջամտությունները զրոյացնում են իմ լուսանկարչական հետաքրքրությունը մարդու արտաքինի հանդեպ: Իհարկե, զուտ գեղեցիկ աչք-ունք նկարելու մեջ  եւս ոչ մի վատ բան չեմ տեսնում, քանի դեռ  այդ աչք-ունքը բնական են, հակառակ դեպքում դրանք ասես վիրաբույժի կամ կոսմետիկայի գովազդ լինեն, որի մեջ ես անձամբ ոչ մի գեղարվեստական արժեք չեմ տեսնում:

– Լուսանկարչության մեջ ով է ձեզ համար էտալոնային:

– Բարդ է ինչ-որ մեկին էտալոնային համարելը՝ արվեստի ժանրում, որը դեռ 200 տարեկան էլ չկա : Լավագույններից մեկը, որ երբևէ վերցրել է ֆոտոխցիկը, միանշանակ Պիտեր Լինդբերգն է: Նրա ներդրումը լուսանկարչության մեջ և դրա միջոցով ազդեցությունը իրեն շրջապատող աշխարհի վրա, հսկայական է:  Հայ լուսանկարիչներից բացարձակ լավագույնն է կանադահայ Յուսուֆ Քարշը: Նա հասցրել է լուսանկարել 20-րդ դարի ամենանշանավոր մարդկանց՝ Էյնշտեյնից մինչեւ Էլիզաբեթ թագուհի…

 

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ Ռոբերտ Բաբայանի ինստագրամի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031