Օգոստոսի 1-ին կայացած թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ռոմա Զաքարյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից։
34-ամյա Ռոմա Զաքարյանը միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնի ՍԱԶԾ բաժնի պետն է։ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր, նաեւ Կապան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի 29-րդ համարն է։ Ի դեպ, «ՀՀ ընտրական օրենսգրքի» 41-րդ հոդվածի՝ ԸԸՀ-ի անդամ «չեն կարող լինել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուները», սակայն մինչեւ օրս Զաքարյանը ավագանու թեկնածուների ցանկում է։ Նա ընտրատարածքային ընտրական անդամ է նշանակվել 2022թ․դեկտեմբերի 2-ին։ Նույն օրը հանձնաժողովի անդամ է նշանակվել Ծավի միջնակարգ դպրոցի տնօրեն Յուրիկ Մարտիրոսյանը, որը նույնպես Կապանի ավագանու կառավարող ուժի ընտրացուցակի 25-րդ համարն է։ Մարտիրոսյանը թիվ 35 ԸԸՀ նախագահի տեղակալն է։
Նշենք, որ Ռոմա Զաքարյանը նախագահի պաշտոնում փոխարինել է 2022թ․ դեկտեմբերի 17-ին հանձնաժողովի նախագահ ընտրված Արշավիր Խալափյանին, որը բացի նախագահի պաշտոնից հրաժարվելուց, հրաժարվել է նաեւ հանձնաժողովի անդամի պարտականություններից։
Իսկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 28-ի արտահերթ նիստում նախապատվության քվեակարգով Ռուզաննա Խաչատրյանն ընտրվեց թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում։ Թափուր տեղի համար դիմել էր երկու թեկնածու։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ