Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու պահանջով․ Երիտասարդության տոն Գյումրիում (Ֆոտոշարք)

Օգոստոս 13,2023 18:09

Երեկ Գյումրիում նշվեց տարվա ամենասպասելի տոներից մեկը՝ Երիտասարդության միջազգային օրը։ Կազմակերպիչը «Երիտասարդական նախաձեռնություններ կենտրոնն»  էր․ այս տոնը 2015 թվականին առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում նշվել է Գյումրիում՝ հենց այս կազմակերպության շնորհիվ։

9 տարի շարունակ այն անդադար նշվում է, այս տարի տոնեցին նաև Էջմիածնում, Սպիտակում։

Քանի որ ՄԱԿ-ն է թելադրում տարվա խորագիրը, այս տարի այն բնապահպանական է, կրում է  «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» խորագիրը, երիտասարդներն այն նշեցին հեծանվարշավով։

Հեծանիվներով դուրս եկան Գյումրու կենտրոնական փողոցներ՝ այսպիսով կանաչ քաղաք, մաքուր օդ, առողջ ապրելակերպ քարոզելով, իսկ որ ամենակարևորն է՝ բարձրախոսներով Արցախի «կյանքի ճանապարհն» անհապաղ բացելու պահանջ ներկայացնելով։

 

Այս պահանջը ներկայացվեց նաև ուշ երեկոյան կազմակերպված համերգային ծրագրի ընթացքում։ Համերգը մեկնարկեց՝ արցախցիներին սատարելով, ընթացքում ևս «կյանքի ճանապարհի» մասին կոչերով հնչեցնելով։

Նշենք, որ երիտասարդական կառույցը՝ ԵՆԿ-ն, հստակ հասցեատեր ուներ․ երիտասարդների տոնի առթիվ բազում միջազգային կառույցների ներկայացուցիչներ էին հյուրընկալվել Գյումրի։ Համերգը սկսվելուն պես հնչեց Արցախի անունը, երիտասարդները սկսեցին բացականչել՝ «Արցախ, Արցախ»՝ ցույց տալով իրենց մտահոգ լինելը։

Կազմակերպիչները նախատեսել էին տոնը նշել նաև Արցախում, սակայն  չկարողացան իրականացնել ցանկությունը՝ կապված Լաչինի միջանցքի փակ լինելու հետ։

Նրանք հանդես եկան հետևյալ հայտարարությամբ․

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը՝ որպես երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն, շարունակում է երիտասարդության օրակարգի, այդ թվում շրջափակման պատճառով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հազարավոր երեխաների և երիտասարդների՝ իրենց բնականոն ու անվտանգ կյանքի, սննդի, կրթության, ազատ տեղաշարժի և այլ հիմնարար իրավունքներից ազատ օգտվելու օրակարգի պաշտպանությունը հանրային տարբեր հարթակներում։

2022 թվականի դեկտեմբեր ամսից ի վեր Արցախում տեղի է ունենում զանգվածային մարդասիրական աղետ։ Ադրբեջանը, արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու պահանջները, անտեսելով իր ստանձնած բոլոր պարտավորությունները, շարունակում է ցեղասպան քաղաքականություն ու գործողություններ վարել` շրջափակման մեջ պահելով Արցախը։

Անօրինական ու հանցավոր կերպով փակելով Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհը՝ ադրբեջանական իշխանությունները 120 000 մարդու մատնել են սովի ու զրկանքների: Ադրբեջանը Արցախի հայ բնակչությանը մտադրված ենթարկում է իրական տեռորի` ունենալով միայն մեկ նպատակ՝ էթնիկ զտումների ենթարկել, ստիպել 120,000 հայի հեռանալ իրենց բնակավայրերից, Հայրենիքից:

Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ՝ ևս մեկ անգամ հրավիրում ենք միջազգային դերակատարների և գործընկեր կառույցների ուշադրությունը մարդասիրական այս աղետի վրա, և Արցախի շուտափույթ ապաշրջափակման պահանջով կոչ ենք անում իրական արդյունք ապահովող մեխանիզմներ գործադրել մարդասիրական ճգնաժամը դադարեցնելու համար»։

Ի դեպ, Գյումրու սրտում՝ Աբովյան ճեմափողոցում, ուշ երեկոյան սկսված համերգային ծրագիրը շարունակվեց մինչև կեսգիշեր։ Տոնը համախմբել էր մարզի գրեթե ողջ երիտասարդությանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝  «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031