Եթե մեր ահազանգին արագ չարձագանքեին ու մեզ օգնության չհասնեին փրկարարներ Գեղամ Մուսախանյանը, Սարմեն Օհանյանը, Համլետ Բոլյանը, Ժիրայր Միրզոյանը՝ մենք հավանաբար կհայտնվեինք ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այս մասին Aravot.am-ին պատմեց Aravot.am-ի աշխատակից Անժիկ Հարությունյանը:
Անժիկն իր ամուսնու և հարազատների հետ հանգստանում է հայրական Շինուհայր գյուղում (Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջան), նախորդ օրը որոշում են ավանդույթի համաձայն շրջել գյուղի անտառներով ու հանդերով:
«Մոլորվել էինք, սարսափելի արևի տակ մնացել 3 ժամից ավելի, առանց ջրի, ժայռի վրա, թուրքի դիրքի դիմաց, հոգնել էինք ու չէինք կարողանում շարժվել»,-պատմեց Անժիկը: Նրա խոսքով, այդ տարածքներին իրենք շատ լավ ծանոթ են, սակայն 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, երբ անհասկանալի են, թե որտեղ է ավարտվում գյուղի սահմանները, որտեղ են դիրքերը և որոնք են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքները՝ մոլորվելու վտանգը շատ մեծ է:
Ավելի քան 3 ժամ չարչարվելուց հետո, նրանք զանգահարում են Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն: «Շնորհակալ եմ մեր փրկարարներին, իրենք շատ արագ հասան մերձակա տարածք, սակայն ճանապարհն անանցանելի էր, ինտերնետային կապը շատ վատ էր, գեոլոկացիան ճշգրիտ չէր, ինքնաթիռով մոտենալը վտանգներ էր պարունակում: Լավ է, որ հեռախոսային կապը կար ու փրկարարները կարողացան մեր ամեն քայլը վերահսկելով ու ճանապարհը բացատրելով՝ մեզ դուրս բերել այդ ծուղակից»,-շարունակեց Անժիկը:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Հին Խոտ գյուղից Շինուհայր գյուղի ճանապարհին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ