Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոն Գյումրիում` ՀՀ գլխավոր դատախազի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ (Ֆոտոշարք)

Օգոստոս 13,2023 12:50

Երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը։ Փառատոնի հիմնադիրները  Աննա և Անահիտ Մխիթարյան քույրեր են՝  «Ճախրուկ» մշակութային ՀԿ-ի ղեկավարները։

Փառատոնին մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Ինչպես հնչեց փառատոնի բացմանը, «Ճախրուկը» մանկատան երեխաներին սովորեցնում է ազգային հոգևոր երգ, երաժշտություն, ազգային, փողային և հարվածային նվագարաններ։

Սովորեցնելուց բացի, «Խարբերդի» մասնագիտացված մանկատանը և Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում ազգային և հոգևոր երաժշտության կենդանի կատարման միջոցով աշխատանքներ են տանում՝ նպաստելով երեխաների հոգեկան առողջության բարելավմանը։

«Ճախրուկի» գաղափարախոսությունն է՝ «ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե  չունես հոգու թռիչք»։

«Ճախրուկ» միջազգային փառատոնն առաջին անգամ  տեղի է ունեցել Վանաձոր քաղաքում,  երկրորդը՝ Սաղմոսավանքի բակում, այս անգամ էլ՝ Գյումրիում։

Փառատոնի գլխավոր գործընկերը ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցեր նախարարությունն է։ Փառատոնի գործընկերներից էր նաև ՀՀ գլխավոր դատախազությունը, Խարբերդի մասնագիտացված մանկատունը։

Յուրաքանչյուր անգամ փառատոնի ընթացքում ստեղծվում է «Ճախրուկի» հոգու թռիչք կտավը։ Այս անգամ  փառատոնին միացել էր «Ակնե» նախաձեռնությունը, և կտավ ստեղծելու փոխարեն նկարում էին Ակնեի խորհրդանշանական «Աչք» քանդակի վրա։

Պատկերն ամբողջական նկարելուց հետո, կստեղծվեն դրանց NFT տարբերակները և բարեգործական նպատակով կներկայացվեն վաճառքի։

«Ակնեի» քանդակները նորարական արվեստի գործեր են, որոնք ցուցադրվել են աշխարհի բոլոր մայրցամաքներում։

Համերգային ծրագիրը սկսվեց Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» երգչախմբի կատարմամբ։

Ելույթ ունեցան նաև «Գյումրու երեխաների տուն», «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն», «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ների, արտերկրից ժամանած երաժշտական խմբեր։  Փառատոնին միացել էր նաև Գյումրու ժող․ գործիքների պետական նվագախումբը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031