Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում վարչապետը երկրի միա՞կ պաշտոնյան է

Օգոստոս 13,2023 10:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչո՞ւ է ՀՀ-ում անցկացվող սպորտային միջոցառումների ժամանակ ելույթ ունենում վարչապետը, ոչ թե նախագահը, ինչպես որ ընդունված է աշխարհում։

Ուսումնասիրելով միջազգային պրակտիկան՝ կտեսնենք, որ նույնիսկ խորհրդարանական երկրներում մեծամասշտաբ մարզական իրադարձությունները մեկնարկում են պետության գլխի՝ միապետի կամ նախագահի ելույթից հետո:

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ պետության գլուխը Հանրապետության Նախագահն է, բայց չափազանցություն կլինի, եթե ասենք, որ նախագահական ինստիտուտը հայ ժողովրդի կյանքում որևէ կշիռ ունի:

Օգոստոսի 5-ին Համահայկական 8-րդ խաղերի մեկնարկն ազդարարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով: Նախագահ Վահագն Խաչատուրյանին տեսանք միայն կառավարական օթյակում՝ շքերթով անցնող մարզիկներին ձեռքով ողջունելիս:

Մինչ Հայաստանի վարչապետը առիթը չի կորցնում ապացուցելու, որ նա է Հայաստանի «շեֆը», եվրոպական մի շարք խորհրդարանական հանրապետություններում անցկացված միջազգային սպորտային իրադարձությունները բացվել են պետության գլխի՝ նախագահի ազդարարմամբ:

Աթենքում անցկացված 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի սկիզբն ազդարարել է այդ երկրի նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսը, այլ ոչ թե վարչապետ Կոնստանտինոս Կարամանլիսը:

 

Բացումը՝ 3:01:50։

2006-ի Ձմեռային օլիմպիական խաղերը հյուընկալում էր իտալական Թուրին քաղաքը: Խաղերը բացված համարեց Իտալիայի նախագահ Կառլո Չամպին և ոչ վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:

Բացումը՝ 2:12:03։

2006 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անց էր կացվում Գերմանիայում: Այն մեկնարկեց Դաշնային Հանրապետության նախագահ Հորսթ Քյոլերի ելույթով, այլ ոչ կանցլեր Անգելա Մերկելի:

Բացումը՝ 26:05։

Այնպես չէ, որ այս երեք խորհրդարանական երկրներում նախագահը զգալի սահմանադրական գործառույթներ ունի: Նախագահը արարողակարգային դերակատար է՝ նրա պետության, ազգի և ժողովրդի վերքաղաքական խորհրդանիշը կամ դեմքը, ուստի տրամաբանական է, թե ինչու են վերը նշված միջոցառումները մեկնարկել, ոչ թե երկրի փաստացի ղեկավարի (վարչապետի), այլ երկրի խորհրդանիշի (նախագահի) կողմից:

Միանգամայն տրամաբանական կլիներ, որ Համահայկական խաղերը, կրելով ազգային միասնականությունն ամրապնդելու և սփյուռքահայերին հայրենիք բերելու միտում, բացվեր Հանրապետության Նախագահ Խաչատուրյանի համախմբող և մարզական բնույթ կրող, ինչպես նաև համազգային և համապետական շահերի մասին ելույթով:

Հայաստանն արդեն 5 տարի է՝ անցում է կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն որևէ փոփոխություն, կարծես, չկա: «Նախագահ» բառը պարզապես փոխարինվել է «վարչապետ»-ով:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031