Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Հայոց Եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոս 13,2023 10:00

Սրբազան Ավանդության համաձայն Փրկչի համբարձումից 12 տարի անց Գաբրիել հրեշտակապետը, ով հղության ավետիսն էր տվել Սուրբ Մարիամ Աստվածածնին, կրկին հայտնվում է նրան։

Վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ գալով` Ս. Գաբրիել հրեշտակապետն ասում է. «Մայր սրբության և առագաստ երանության, տաճար խնդության և քաղաք թագավորության, մարդկային ցեղի ճանապարհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխադրվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր կամենում է քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ապա Ս. Կույսը խնդրում է Ս. Հովհաննես առաքյալին Պատարագ մատուցել, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Վերջապես լրանում է ժամը, երբ պետք է կատարվեր նրա՝ երկրից երկինք վերափոխումը։ Բազմաթիվ մոմեր էին վառվում: Առաքյալները շրջապատել էին այն զարդարված մահիճը, ուր ընկողմանել էր Աստվածամայրը: Այդ պահին Տիրամոր խաղաղ ու մաքուր դեմքը ճառագում էր, իսկ մարմնից հիասքանչ բույր էր տարածվում: Նա Ձեռքերը տարածելով դեպի արևելք՝ գոհանացավ և օրհնեց Աստծուն և հանկարծ շողաց չտեսնված մի լույս։ Ներկաները սարսափեցին, երբ սենյակի վերևում ճառագայթների ներքո, հայտնվեց Հիսուս Քրիստոս` հրեշտակների ու սրբերի ուղեկցությամբ։
Սրբուհին, հեզաբար շարժելով շրթունքները, Տիրոջն աղոթում էր ամբողջ աշխարհի փրկության համար: Աստվածամայրը թեթևորեն բարձրացավ մահճից, խոնարհվեց Տիրոջը և հանգիստ, ասես քնի մեջ, հոգին ավանդեց իր Միածին Որդու ձեռքը։

Ս. Աստվածածնի ննջումից հետո երանելի սուրբ առաքյալներն սաղմոսներով ու օրհնություններով, օրհնյալ մարմինը դրեցին գերեզման, ինչպես հարկն է ծածկեցին ու պահպանեցին երեք օր։

Բարդուղիմեոս առաքյալը, որ ներկա չէր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ և իմանալով սուրբ Կույսի ննջման մասին, ստիպում է առաքյալներին բացել գերեզմանը՝ Տիրամորը վերջին հրաժեշտը տալու համար։ Սակայն մարմինը գերեզմանում չեն գտնում, քանի որ Հիսուսն իր խոստմանը համաձայն հարություն է տվել մորը և փոխադրել երկինք։

Արդարև, ինչպե՞ս կարող էր Սուրբ Աստվածածնի մարմինը, որի մեջ «Բանը մարմին դարձավ», ենթակա լինել գերեզմանի ապականությանը։
Ինչպե՞ս կարող էր մեր Տերը իր մոտ չտաներ Աստվածածնին՝ իր սուրբ մորը, ով կատարելապես հնազանդվեց Աստծո կամքին, աշխարհին պարգևեց Փրկչին, սիրեց Նրան և անվերապահորեն հավատարիմ եղավ Նրա կյանքի բոլոր հանգրվաններին։
Սուրբ Աստվածածնի Վերափոխումը հարացույցն է մեր՝ քրիստոնյաներիս, երկրային կյանքի ավարտի։ Մահացածներին ասում ենք «ննջեցյալ», այսինքն՝ նրանք չեն մահացել, այլ ննջել են, որովհետև իրական քրիստոնյայի համար մահ գոյություն չունի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Խաչի վրա հաղթեց մահվանը, որից հետո կա միայն «փոխադրություն», այսինքն՝ մարդկային հոգու փոխադրվելը մեկ այլ վայր, մեկ այլ աշխարհ, գերեզմանից անդին հավիտենական կյանք, և «կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում կլինեն, կլսեն նրա ձայնը և դուրս կգան. բարի գործեր կատարածները հարություն կառնեն կյանքի համար, իսկ չար գործեր արածները՝ դատաստանի համար» (Հովհաննես 5:29)։

Փառավորվեց Աստվածածին Սուրբ Կույսն իր փառավորյալ Որդուց՝ Աստծուց, և երկինք վերափոխվեց, քանզի ճաշակեց անմահության բաժակը: Եվ նա միշտ բարեխոսում է մեզ համար:

Մեսրոպ վարդապետ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031